Փաշինյանը վերջնական որոշում չունի. Փաստ
Գրեթե վստահությամբ կարելի է ասել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը օրենքի ուժով կարձակվի, ինչից հետո կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը: Ինչպես դեռևս օրեր առաջ նշել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ընտրությունը կլինի դեկտեմբերի 9–10–ը: Դրա համար օրենսդրական բոլոր ժամկետները բավարար են: Բնականաբար, ամենահավանական ժամկետը դեկտեմբերի 9–ն է, քանի որ օրը կիրակի է: Սակայն, մեր հավաստի տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ դեռևս 100 տոկոսանոց որոշում վարչապետը չունի: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի առավել ուշադիր թիմակիցները, որոնք նաև հետևում են տեղեկատվական հոսքերին, զգուշացրել են, որ դեկտեմբերի 9–ի առումով խնդիր կա:
Բանն այն է (այս մասին ժամանակին գրել է նաև «Փաստը»), որ այդ դեպքում քարոզարշավի վերջին օրը համընկնում է 1988–ի ավերիչ երկրաշարժի տարելիցի հետ, ու հազիվ թե արդարացված է այդ օրը կազմակերպել ամփոփիչ հանրահավաքներ, առավել ևս՝ համերգներ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ քարոզարշավը հենց այդպես էլ ավարտվում է: Վարչապետին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընտրությունները նշանակել դեկտեմբերի 10–ին: Այդ դեպքում ուղղակի հարկ կլինի այդ օրը հայտարարել ոչ աշխատանքային կամ ուղղակի աշխատանքային օրը տեղափոխել առաջիկա որևէ շաբաթ օր, ինչի իրավունքը կառավարությունն ունի:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :