Փաշինյանի կառավարության միակ իրական փրկօղակը լինելու է ՀՀԿ-ն. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հիմնավորումներ է ներկայացրել, թե «ինչո՞ւ նորացվող Հանրապետականը պետք է պայքարի հաջորդ խորհրդարանի ընդդիմությունը դառնալու համար»։
«Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից փորձում էր բացատրել, թե ներկա պահին ընտրական ո՞ր օրենսգիրքն է ավելի ձեռնտու Հանրապետականին: Իրականում ՀՀԿ-ի համար միևնույն է, թե ո՞ր ԸՕ-ն կլինի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հիմքում: Քանի որ դրանից չի կախված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ռեսուրսները: Վտանգն այն է, որ այսօր քաղաքական դաշտում, և նաև պետական կառավարման մեջ ստեղծված քաոսն ու սնուցվող էյֆորիան խլացրել են քաղաքական բանականությունը, կամ կարելի է ասել քաղաքական միտքն ընդհանրապես:
«Կրիմինալ Հայաստան» հեռուստասերիալի վերածված հակակոռուպցիոն պայքարի իմիտացիան թույլ չի տալիս պատշաճ ուշադրություն դարձնել Հայաստանի համար կենսական խնդիրների վրա:
Արտաքին քաղաքականությունից ընդամենը երկու բան է հայտնի. «… հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են» և երեկ էլ իմացանք, որ «…Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից…»:
Սա գուցե էյֆորիայով տառապող մարդկանց համար մի բան էլ շատ տեղեկատվություն է, բայց սպեցիֆիկ պրոբլեմներով, հակասությունների և հնարավոր նոր բախումների կիզակետում գտնվող երկրի արտաքին քաղաքականության ու անվտանգության համար ուղղակի ոչինչ չի նշանակում:
Բոլթոնից, այսինքն՝ պաշտոնական ԱՄՆ-ից, այսինքն՝ Ադրբեջանին ինչ-որ տարածքներ վերադարձնելու կոչ անող երկրից երեկ մի քանի ուշագրավ մեսիջներ ևս ստացանք: Դրանցից մեկի վրա ցանկանում եմ կանգ առնել: Պարոն Բոլթոնն ասում է, որ վարչապետը եթե ստանա հասարակության մեծամասնության աջակցությունը և ունենա ուժեղ մանդատ, ապա կարող է մի շարք վճռական փոփոխություններ իրականացնել: Միևնույն ժամանակ Բոլթոնը նշում է, որ «…արցախյան հարցի լուծումը բարդ է՝ հակառակ դեպքում այն վաղուց կարգավորված կլիներ: ….. Հայաստանի համար արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին ԼՂ հակամարտության լուծման ապահովումն է»։
ԱՄՆ-ը ևս պահանջում է հարցի արագ լուծում (տարածքների վերադարձման սխեմայով՝ ըստ դեսպան Միլզի), իսկ սա նշանակում է, որ հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը տևական ժամանակ գտնվելու են արտաքին ճնշումների տակ՝ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից: Ժողովրդի կողմից ստացած ուժեղ մանդատը՝ ինչի մասին խոսում է Բոլթոնը, իհարկե մի կողմից կարող է օգտակար լինել՝ ներքին բարեփոխումների համար (ենթադրում եմ, որ հաջորդ կառավարությունը գոնե 2019թ. փետրվարի 31-ից հետո կսկսի իրապես զբաղվել երկրի պրոբլեմներով), մյուս կողմից այն պատուհաս է դառնալու արտաքին քաղաքական բարդ իրավիճակներում մանևրելու հարցում:
Ամերիկացիներն էլ, ռուսներն էլ, ֆրանսիացիներն էլ շարունակաբար պնդելու են, «…Միսթըր փրայմմինիսթըր, ուվաժայեմըյ Նիկոլ Վլադիմիրովիչ, շեղ Նիկոլյա, ձեր ժողովրդի մեծամասնությունը անվերապահորեն հավատում է ձեզ, և ժամանակն է, որ օգտագործեք ձեր հեղինակությունն ու խաղաղություն հաստատեք տարածաշրջանում` բացելով փակ սահմանները, բայց ի նկատի ունեցեք, որ դրա դիմաց Ադրբեջանն ինչ որ հողեր է պահանջում: Դուք մի անհանգստացեք, վերադարձրեք այդ ինչ-որ տարածքները և մենք խաղաղարարներով կապահովենք ձեր սահմանների անվտանգությունը, եթե դրա կարիքը լինի…»: Ահա մոտավորապես այսպիսին կարող է լինել զրույցը ղարաբաղյան կարգավորման շուրջ:
Հայկական խորհրդարանը, իր նորօրյա հայ հեղափոխականների 70 տոկոսանոց հավաքանակով, իրավիճակի փրկության միակ հույս է տեսնելու իր խորհրդարանական հակակշիռների մեջ: Այսինքն ընդդիմությանը, բայց ոչ թե ձևական, սեփական բիզնեսից վախեցած, կամ արևմտյան ու այլ գրպանային ընդդիմությանը, այլև իրական քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված, քաղաքական մեծ փորձ, կենսագրություն և հմտություններ ունեցող, գաղափարական ամուր հենքի վրա կանգնած ընդդիմության:
Որքան էլ տարօրինակ է, ապագայում Նիկոլ Փաշինյանի համար, արտաքին բարդ իրավիճակներից ու կառավարման արդյունավետության ապահովման գործում միակ իրական փրկօղակը լինելու է Հանրապետականը: Իհարկե ՀՀԿ-ն դա չի անելու վարչապետի նկատմամբ ունեցած իր մեծ սիրո և հանդուրժողականության հաշվին, այլ սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության ու արցախյան հիմնահարցում ամուր դիրքերը պահելու կենսական շահերից ելնելով:
Ապագա նորացվող Հանրապետականը միակ քաղաքական ընդդիմադիր հենարանն է լինելու, որի վրա առանց վարանելու դժվար պահերին կարողանալու է հենվել ապագա իշխանությունը՝ հանուն պետության ու ժողովրդի:
Այնպես, որ մեր հարգելի վարչապետը՝ մտահոգվելով ՀՀԿ-ի ճակատագրի մասին խորհուրդ է տալիս թե, որ ընտրական օրենսգիրքը պետք է նախընտրել, իսկ ես մտահոգվելով պետության ճակատագրի մասին՝ առաջարկում եմ դադարեցնել քաղաքական տեռորը քաղաքական ուժերի նկատմամաբ (սա չի վերաբերում հակակոռուպցիոն իրական պայքարին, մենք բոլորս պետք է ձգտենք նվազեցնել կոռուպցիան ու դրա դրսևորումները մեր երկրում) և հաշվի նստել այն ուժի հետ, որն ապագայում ընդդիմադիր դաշտի միակ իրական գործընկերն է լինելու, ում հետ միասին պետք է պայքարել հանուն անվտանգ, խաղաղ, արդար ու ապահով Հայաստանի (եթե իհարկե իշխանափոխության նպատակններն ազնիվ են):
P.S.
Իմիջայլոց, ժամանակին ՀՀԿ–ի ցուցակների համար կենաց մահու պայքար մղող, իսկ հիմա «Իմ քայլը» դաշինքում հայտնվելու թեկնածու հանդիսացող ՀՀԿ փախստականներն ու մյուս բարիկադավորները ևս ապագա խորհրդարանում կարող են ինչ որ պահի օգտակար լինել վերոհիշյալ հարցերում», – Facebook-յան իր էջում գրել է Արտակ Զաքարյանը։