Ընտրություններից մեկ ամիս առաջ նոր խաղի կանոններ չեն թելադրում. Շարմազանով
Հոկտեմբերի 29-ին, ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների նախաձեռնած ստորագրահավաքի հիմքով կկայանա արտահերթ նիստ, որի ընթացքում ևս մեկ անգամ քվեարկության կդրվի «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ» (ԸՕ) կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Երկուշաբթի օրը կկայանա նաև վարչապետի ընտրության կամ չընտրության 2-րդ փուլը։
«ՀՀԿ» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է ոչ թե նոր ԸՕ-ին, այլ այն ընտրություններից մեկ ամիս առաջ փոխելուն։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով մեր հարցին՝ վերոնշյալի շուրջ Հանրապետականում դիրքորոշման փոփոխություն կա՞, թե՝ ոչ, ասաց, որ իրենք՝ որպես կայուն քաղաքական ուժ, որն առավոտյան մի բան չի ասում, ցերեկը՝ այլ բան, իսկ երեկոյան աղոթքներից հետո էլ՝ բոլորովին ուրիշ բան, հայտարարել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, չեն առաջադրել մեկ շաբաթ առաջ, չեն առաջադրելու և երկուշաբթի օրը:
«Այնպես որ, Փաշինյանի վախերն իզուր են, ռևանշիզմի և սաբոտաժի մասին խոսքերը՝ նույնպես, և առհասարակ վարչապետի արտահայտած մտքերն ավելորդ են ու հարիր չեն պետական բարձրագույն ու հսկայական պատասխանատվություն ենթադրող պաշտոնը զբաղեցնող մարդուն»,-նշեց Շարմազանովը։
Վերջինս հավելեց նաև, որ, եթե վարչապետ Փաշինյանի կողքին մի քանի իրականությանն առանց վարդագույն ակնոցների նայող մարդիկ լինեն, փորձագետներ կամ գոնե սրտացավ գործընկերներ ու թիմակիցներ, խորհուրդ կտան, որ կարիք չկա ամեն ինչի մեջ մի բաժակ փոթորիկ սարքել, կամ ամեն ինչի մեջ ռևանշ ու սաբոտաժ տեսնել։
«Պարոն Փաշինյան, որ մենք չուզեինք՝ դուք չէիք դառնա վարչապետ, դուք հաստատ չէիք ընտրվի։ Ինչքան էլ Դուք «մոռանում եք», չեք ուզում ասել, հղում եք տալիս ձեր բարձր հեղինակությանը և ժողովրդի աջակցությանը, որը ես, իհարկե, չեմ վիճարկում, բայց փաստն այն է, որ Հանրապետական մեծամասնությունն այն ժամանակ հնարավորություն տվեց Ձեզ դառնալ Հայաստանի վարչապետ՝ մի պայմանով, որ Դուք աշխատեք, բայց, ցավոք, Դուք ընտրեցիք ոչ թե աշխատելու ճանապարհը, այլ սեփական քաղաքական շահն ու թիմի շահը պետական շահից ավելի վեր դասելու տարբերակը,- հիշեցրեց ԱԺ փոխնախագահը և հավելեց,- ինչ վերաբերում է նրա հրաժարականին, ես ավելի վաղ էլ ասել եմ, որ Փաշինյանի իրավունքն է՝ հրաժարական տալ կամ չտալը»։
Անդրադառնալով ԸՕ-ի առաջիկա քվեարկությանը, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ԸՕ-ի հետ կապված՝ Հանրապետական կուսակցությունն իր կարծիքն ասել է։
«Այլ քաղաքական ուժերի մասին չեմ ուզում խոսել, որովհետև այդ քաղաքական ուժերի մեջ կա ուժ, որը Հանրապետականի ու ՀՅԴ-ի հետ նույն եռանդով արտահերթ նիստի համար ստորագրահավաք էր անում հոկտեմբերի 2-ին, բայց փաստորեն ինչ-որ բան փոխվեց, ու հիմա այդ ուժն ուզում է Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, ու նրանք այժմ ջանք ու եռանդ չեն խնայում «հեղափոխության վերջնական հաղթանակի» համար ամսի 29-ին արտահերթ նիստ հրավիրել»,- ասաց ՀՀԿ փոխխոսնակը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին վիճահարույց օրենքին։ «Հակահեղափոխական» որակված օրենքը, ըստ էության, սահմանում է, որ, եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած:
Շարմազանովն ավելացրեց, որ ընդհանրապես պատգամավորների իրավունքն է՝ մասնակցել կամ հրավիրել արտահերթ նիստ, ինքը հարգանքով է վերաբերվում ցանկացած կարծիքի՝ ի տարբերություն գործող վարչապետի, որը սվիններով է ընդունում այլակարծության ցանկացած դրսևորում Խորհրդարանում և նրա սահմաններից դուրս։
ԸՕ-ի առաջիկա քվեարկության մասին՝ Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հանրապետական կուսակցությունն Ընտրական օրենսգրքի հետ կապված հստակ հայտարարություն է արել. Ընտրություններից մեկ ամիս առաջ ԸՕ չեն բարեփոխում, ընտրություններից մեկ ամիս առաջ նոր խաղի կանոններ չեն թելադրում, և հիմա կրկին վերահաստատում է իր այդ դիրքորոշումը։