Ափսոս է պաշտոնը, ազատիր այն. Հրապարակ
Որքան էլ դժվար է ինքնուրույն լինել, սեփական դիմագիծ ունենալ, սկզբունք ու տեսակետ, բայց եթե մարդը քիչ թե շատ նշանակալի դերակատարում է ուզում ունենալ երկրում, պետք է այդպիսին լինի: Ոչ ոք չի հարգում ստորաքարշներին, քծնողներին, ծռմռվողներին, անգամ եթե այդ քծնանքն ուղղված է իրենց: Ինչպես կարող է կայանալ, ասենք, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, վճռաբեկ դատարանը, եթե այս մարմինները ղեկավարող մարդիկ միշտ առաջնորդվում են «ով՝ էշ, մենք՝ փալան» սկզբունքով: Ինչպես կարող է կայանալ Ազգային ժողովը, եթե դրա նախագահը վախենում է ընդդիմությունից, ինչպես կարելի է հարգել երկրի նախագահին, եթե նա հաճոյանում է վարչապետին: Ինչ կարելի է սպասել նախարարներից, որոնք վախենում են ծպտուն հանել կառավարության նիստերում եւ միշտ գուշակում են, թե ինչ է ուզում լսել կառավարության ղեկավարը:
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն ընտրվեց անցումային շրջանում: Նրան այդ պաշտոնին բերեց Սերժ Սարգսյանը, սակայն կյանքն այնպես դասավորվեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս անց ամեն ինչ խառնվեց իրար, եւ նա ստիպված էր գործել ու հարմարվել «Նիկոլի ժամանակներին»: Հասկանալի է, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանն այնպես է ձեւել, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը որեւէ էական դերակատարում չունենա երկրում, եւ վարչապետի լիազորություններին երբեք վտանգ չսպառնա: Բայց ցանկացած պաշտոնի կարեւորությունը պայմանավորված է այն զբաղեցնողի անձով: Աննշան մարդն ամենակարեւոր պաշտոնն էլ կարժեզրկի, եւ արժեքավոր մարդը ամենաաննշան պաշտոնն անգամ կարժեւորի: Չի կարելի կրել «ՀՀ նախագահ» բարձր անունը եւ այդքան անշուք դեր կատարել երկրի կյանքում: Ափսոս է պաշտոնը:
Եթե ի վիճակի չես, ազատիր այն՝ ավելի արժանի մարդու համար:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: