Խաղադրույքը դրված չէ ժողովրդի ակտիվության վրա. քաղաքագետ
![](https://henaran.am/wp-content/uploads/2012/11/загруженное-42.jpg)
Նախագահական ընտրություններին այս կամ այն ձեւաչափով մասնակցելու հայտ ներկայացրած հիմնական քաղաքկաան ուժերը դեռեւս չեն հստակեցրել մասնակցության ձեւաչափը այն պատճառով, որ դրսից եկող ազդակների են սպասում:
Այսօր Henaran.am-ի հետ զրույցում վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
“Սա նշանակում է, որ խաղադրույքը դրված չէ ժողովրդի ակտիվության վրա: Մենք ունենք 2008 թ.նախագահական ընտրությունների նախընտրական մթնոլորտից կտրականապես տարբերվող մթնոլորտ, երբ շատ հստակ էին դրված ընդդիմության անելիքներն ու նպատակը եւ այս առումով, ինչ-որ կերպ կանխատեսելի էր ընդդիմության վարքը: Այսօր դա չկա”,-շեշտեց Էդգար Վարդանյանը:
Նրա դիտարկմամբ, բացի այս, այսօր ընդդիմադիր դաշտը բաժանված է երեք մասերի. առաջինը որպես թիրախ ընտրել է միայն Սերժ Սարգսյանին եւ նրա նեղ թիմին, երկրորդն ընդդիմության այն թեւն է, որը հավասարաչափ քննադատում է իշխանական համակարգի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին եւ այս առումով այլընտրանք է առաջինին, իսկ երրորդ թեւն ընդհանրապես չի ընդունում այս ձեւով ընտրություններին մասնակցելու գաղափարը եւ դուրս է ընտրական գործընթացից:
Փաստացի, ըստ քաղաքագետի, առաջին սեգմենտում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն են եւ մասամբ նաեւ ԲՀԿ-ն, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ ինքը` ԲՀԿ-ն չի իրեն համարում ընդդիմադիր: Երկրորդում “Ժառանգությունն” ու ՀԱԿ-ից դուրս եկած ուժերն ու գործիչներն են, երրորդում` “Սարդարապատը” , որը բոլորովին այլ ճանապարհով է պատկերացնում փոփոխությունները:
“Այսպիսի իրավիճակում մենք դժվար թե ունենանք ժողովրդական լուրջ մասնակցություն այս ընտրություններին, եթե այս տենդենցը շարունակվի եւ ստացվում է այնպես, որ փորձում են խաղարկել արտաքին /խոսքը ՌԴ մասին է,-խմբ/ հովանավորչության խնդիրը”,-նշեց Էդգար Վարդանյանը:
Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի մասին հարցին, Էդգար Վարդանյանը նշեց, որ նման բաժանման պայմաններում խոսք կարող է գնալ ոչ թե միասնական թեկնածուի, այլ վերը նշված երեքից մեկի հավաքական թեկնածուի մասին: Ինչ վերաբերվում է հետընտրական զարգացումների հնարավորությանը, քաղաքագետն ասաց.”Այս տրամաբանությունը հուշում է, որ նման զարգացումներ չեն լինի, նաեւ հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների փորձը: Եթե այս տենդեցը չշարունակվի, ամեն ինչ հնարավոր է”: