27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ

Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը, և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների կարևոր գործիքի:

Հանրային քֆուրը սահմանազատեց «մենք»-ին և «դուք»-ին: Քֆուր տվողը «ժողովուրդն» է, իսկ քֆուր «ուտողները»՝ ժողովրդի թշնամիները: Այս պարագայում կյանքը հստակ է, կան սևեր և սպիտակներ, իսկ ընտրությունների արդյունքները` կանխատեսելի: Սակայն վերջերս նկատվում է քֆուրների կտրուկ նվազում, ինչը ցույց է տալիս, որ կյանքը կորցնում է իր հստակությունը, իսկ ժողովուրդը գնալով ավելի վատ է կողմնորոշվում ձևավորվող իրականության մեջ:

Դա ահազանգ է քաղաքական կազմակերպությունների համար, նաև` մարտահրավեր: Կարճ ասած՝ քֆուրների ծավալի նվազումը հանրության շրջանում սկսված անորոշության ցուցիչ է: Փորձենք ավելի խորանալ երևույթի մեջ:

«Հայհոյանքն» արհեստական բառ է, որը չի արտահայտում մեր առօրյա կյանքի հույզերը, սպասելիքները, վախերն ու մտավախությունները, հիասթափությունը արտահայտող նեյրոլինգվիստիկ բառապաշարի էությունը: Արաբական «քֆուրն» ավելի խորքային եզր է:

«Քֆուր» բառն առաջացել է արաբական քուֆր ( كفر — անհավատություն, թաքցնել) բայից, որն իսլամում համարվում է ծանրագույն մեղք: Քուֆրի, այսինքն՝ անհավատության մեջ բացահայտված մարդուն անվանում են Քաֆիր, թուրքերենով` Գյաուր, այսինքն՝ անհավատ:

Իսլամում կա Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) և Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար): Մեծ Քուֆրի մեջ մեղադրվող անձի նախկինում արված ցանկացած լավ գործ զրոյացվում է, և մեղադրվող անձը որևէ ներում և բեկում չունի:

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ի դեմ Մեծ Քուֆր էր սկսվել: ՀՀԿ-ականները Քաֆիր էին, անհավատներ, իսկ ժողովուրդը՝ հեղափոխական արժեքների կրող: Սակայն կարծես թե իրավիճակ է փոխվում, քֆուրները նվազել են, իսկ որակական առումով` դարձել ավելի խոհական, անորոշ, հասցեատերերը` ոչ այնքան հստակ: Համայնքը անորոշության մեջ է հայտնվում:

Հանրային քֆուրը հանրային սպասելիքների արտահայտությունն է, քֆուրի բացակայությունը` արժեքային կողմնորոշումների լղոզվածություն: Հեղափոխական արժեքները կարծես թե դառնում են անհասկանալի:

«Չկա քֆուր» նշանակում է չկա հավատ, չկա վստահություն, կասկածի որդը բուն է դրել մարդկանց հոգիներում:

Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ, իսկ առջևում ընտրություններ են:

 

Ստեփան Դանիելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ