Բացված դռների հեռանկարը շփոթմունքի է մատնել նրանց, որովհետև մտադրությունների ու բարձրագոչ բառերի մեջ ամեն բան հասանելի էր թվում
Վստահաբար ձեզնից շատերն են հայտնվել նման իրավիճակում, երբ ինչ-որ բանի համար մի սենյակից մյուսն եք գնացել ու հանկարծ չեք հիշել, թե հատկապես ինչ էիք պատրատվում անել: Հոգեբանները պնդում են, թե արգելակման այս երևույթի պատճառն այսպես կոչված «դռնային որմնախորշի հատումն» է, ինչը յուրահատուկ սահմանագծի դեր է խաղում մեր ուղեղի համար: Նույնիսկ հատուկ փորձեր են կտարվել, որոնք ցույց են տվել, որ միևնույն հանձանարարությունից մարդիկ հեշտությամբ գլուխ են հանել, եթե գտնվել են նույն սենյակում, բայց երբ վերջնական նպատակակետը եղել է դրա սահմաններից դուրս, խնդիրներ են ծագել:
Ես սրա մասին վերհիշեցի ոչ պատահմամբ:
Մեր երկրում կատարված փոփոխությունները բոլորիս հարկադրեցին անցնել իրավիճակային մի սենյակից մեկ այլ սենյակ: Եվ այդ «որմնախորշային» հատումը ոմանց համար ունեցել է նույն հետևանքը, ինչն առօրյա կյանքում է պատահում. կարկամել ու մոռացել են, թե ինչու այդ անցումը կատարվեց:
Բացված դռների հեռանկարը շփոթմունքի է մատնել նրանց, որովհետև մտադրությունների ու բարձրագոչ բառերի մեջ ամեն բան հասանելի էր թվում, սակայն սահմանագիծը հատելուց հետո նոր միջավայրը խոսքի իրագործում է պահանջել: Եվ խնդիրն այստեղ միայն այն չէ, թե դեպի որ կողմ ես քայլ անելու: Խնդիրն այն է, որ հիշես, թե ինչ նպատակի համար մի սենյակից մյուս սենյակ եկար:
Ի դեպ, արագ են հիշում նրանք, ովքեր քիչ են խոսում: Աղմուկը միշտ էլ շեղում է:
Հովիկ Չարխչյան