29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևանի 2800-ամյակին ընդառաջ լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը

Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախօրեին լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը: Ալբոմի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը «Հենարան» մամուլի ակումբում՝  լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այն առիթ է գիտահանրամատչելի կերպով աշխարհին ներկայացնելու Վանի թագավորությունը:

«Վանի թագավորությունը մեր պատմության ամենակարևոր փուլերից մեկն է: Սա առաջին համահայկական պետությունն է, որը մեկ պետականության մեջ ուրվագծեց այն սահմանները, որ հետո եվրոպացի աշխարհագրագետները պետք է կոչեին Հայկական լեռնաշխարհ: Նրա արժեքը մեր կողմից պատշաճ չի գնահատվել, մենք այսօր ունենք այդ բացը լրացնելու անհրաժեշտություն: Էրեբունի-Երևանի 2800-ամյակը շատ լավ առիթ էր այս բացը լրացնելու համար»,- ասաց Մովսեսյանը:

Ալբոմը եռալեզու է, գրված անգլերենով, հայերենով և ռուսերենով: Հեղինակի խոսքով` այստեղ որևէ քաղաքական կամ այլ ենթատեքստ փնտրել պետք չէ:

«Ալբոմը գրված է եռալեզու արձանագրությունների ձևաչափով, երբ կենտրոնում միշտ մայրենի լեզուն է: Այստեղ որևէ քաղաքական կամ այլ ենթատեքստ փնտրել պետք չէ: Գրքին կցված տեսասկավառակի մեջ կա նաև թուրքերեն տարբերակը»,- ասաց Արտակ Մովսիսյանը:

Արտակ Մովսիսյանը խոսեց նաև Էրեբունի հնավայրի մասին: Նրա խոսքով` այն գտնվում է անմխիթար վիճակում և ներկայանալի տեսք չունի:

«Էրեբունի հնավայրն այսօր ներկայանալի տեսք չունի զբոսաշրջիկների համար: Պատերին տարբեր լեզուներով գրվածքներ կան, որոնք ոչ միայն հայերի կողմից են արվել, այլև այնտեղ այցելած օտարերկրացիների: Հռոմից 29 տարով մեծ հնավայր ունենք, որը պետք է պատշաճ մակարդակով պահպանենք»,- ասաց նա:

Վերջինս հույս ունի, որ մինչև տարեվերջ իշխանություններն ու պատկան մարմինները կարձագանքեն իր բարձրաձայնած հարցին ու կնորոգեն հնավայրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ