Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է Նիկոլ Փաշինյան լրագրողին. Մանվել Գրիգորյանի պաշտպան /տեսանյութ/
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերված զինվորական սնունդն ու պարագաները գրանցված են եղել ԵԿՄ-ի հաշվեկշռում, այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
«Կարող եմ փաստել, որ վերջինիս մեղսագրված մեղադրանքը հնարովի-հնարածին է, վերջինս այդ արարքը չի կատարել և լիահույս եմ, որ նախաքննությունը շուտով գնահատականը կտա։ Ինչ վերաբերում է պահեստում հայտնաբերված նամակներին, իմ պաշտպանյալը դրանց հետ բացարձակ կապ չի ունեցել։ Ես ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ իմ պաշտպանյալը հանցանք չի կատարել։ Միաժամանակ, թեպետ կալանքի հետ կապված ունենք դժգոհություններ, բայց նախաքննության օբյեկտիվության հետ կապված դժգոհություն չկա, այսինքն՝ չունեմ այն ենթադրությունը, որ անձի դեմ ցանկանում են «գործ սարքել»»,- ասաց փաստաբանը։
Լևոն Բաղդասարյանը ընդգծեց՝ երբ ինքը նժարի վրա է դնում Նիկոլ Փաշինյան վարչապետին և Նիկոլ Փաշինյան լրագրողին, ապա վերջինս կատարյալ էր, քանի որ պայքարում էր անարդարության դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է, ինչն իր համար ցավալի է։
«Իրեն զեկուցողները շատ հարցերում ճիշտ չեն զեկուցում, շատ հարցերում ստում են։ Եթե վարչապետը տիրապետեր իրավիճակին, այսօր գուցե այլ պատկեր կունենայինք։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարեց մի բան, երբ անգամ մեղադրանք չկար, հայտարարեց մի բան, որ պետք է լինեին ապացույցներ։ Չեմ կարծում, որ ամիսներ հետո նա հետ նայի իր հայտարարությանը, պետք է հիացած լինի, որ այդպիսի հայտարարություն արեց։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունը Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածի հետ ուղիղ աղերս ուներ, հիմա ևս պնդում եմ։ Դա միանշանակ ազդել է քննություն իրականացնող մարմինների վրա»,- ասաց պաշտպանը՝, մտահոգություն հայտնելով, որ Գրիգորյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունները քննում է միևնույն դատավորը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: