Դեսպանները ֆուտբոլ կխաղան՝ հանուն խաղաղության /տեսանյութ/
Հայաստանում Իրաքի Հանրապետության Դեսպանությունը «Դիվանագիտական Ակումբ»-ի հետ համատեղ, առաջին անգամ ողջ տարածաշրջանում հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որի նպատակն է օտարերկրյա դեսպանությունները համախմբել մեկ հարկի տակ և ստեղծել Դիվանագիտական ֆուտբոլային թիմ:
Առաջին ֆուտբոլային հանդիպումը անցկացվելու է «Ամբասադոր» ֆուտբոլային թիմի և ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբի միջև:
«Դիվանագիտական Ակումբի» հիմնադիր Լևոն Դավթյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց՝ խաղը նպատակ է հետապնդվում քարոզել խաղաղությունը սպորտի միջոցով: «Փորձելու ենք աշխարհին կենտրոնացնել ու ցույց տալ, որ բացի քաղաքականությունից մենք փորձում ենք խաղաղությունը քարոզել սպորտի միջոցով»,-ասաց նա:
Ակումբի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանն էլ ավելացրեց. «Քանի որ 21-րդ դարում խաղաղությունը դեռևս մնում է ամենաարդիական խնդիրը, բնականաբար, ինչ-որ ուժեր պետք է կենտրոնացնենք, որպեսզի տարբեր ձևերով կարողանանք քարոզել այդ գաղափարը: Այսօր առաջին անգամ մի թիմում կհավաքվեն տարբեր երկրների դեսպաններ, և սա աննախադեպ իրավիճակ է, որը երբևէ չի եղել դեռևս»,-նշեց նա:
Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպան Ալիա Սալմա ալ Զուբեյդին նկատեց՝ սա ազգերը միավորելու հիանալի միջոց է:
Նշենք, որ «Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության առաջին աննախադեպ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին ժամը 19:00-ին՝ «Դինամո» մարզահամալիրի փակ մարզասրահում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: