Ուզո՞ւմ ես սիրտդ առողջ լինի
Խուսափենք հոգևոր վթարներից` շաբաթը սկսելով աղոթքով և ուշադրությամբ:
Ուզո՞ւմ ես սիրտդ առողջ լինի.
Հանիր այնտեղից նենգությունը, սուտը և հպարտությունը.
Ուզո՞ւմ ես սիրտդ առողջ մնա.
Մշտական բնակության հնարավորություն տուր Տեր Հիսուս Քրիստոսին:
Չկա ուրիշ դեղատոմս սրտի անբավարար աշխատանքի համար, բոլորս էլ գիտենք, որ սիրտն է այն օրգանը, երբ դադարում է ծառայել մարդուն, ավարտվում է երկրային կյանքը և անելիքը երկրի վրա:
Ուզո՞ւմ ես աշխարհը բարեփոխվի… վերահսկողություն սկսիր քեզնից:
Այս պահից սկսյալ այնպես ապրիր, ասես տեսագրվում է քո ամեն քայլը, կարդացվում է քո ամեն միտքը և որոշումը, որպեսզի դատաստանի ժամանակ հանրության առջև բարձրաձայն հրապարակվի:
Թեև դու կարծում ես, որ քո հոգին տիեզերքի անհունի մեջ չնչին մի բան է, և քո սխալը աշխարհին վնաս չի տա, ապա պատկերացրու մի պարզ օրինակ` երբ ասեղի ծայրը կպնի մարմնիդ մի հատվածին, ցավը կզգա ողջ մարմինդ, կամ երբ ցավում է մի օրգանդ, ապա թուլանում է ողջ մարմինդ, կամ երբ ցավում է մի ատամ, կարծես ցավում են բոլորը միասին:
Համարիր, որ քո մարմինը աշխարհն է, իսկ դու ասեղի ծայրն ես: Քո մի սխալի պատճառով մի փոքր խախտվում է աշխարհի դիրքը: Երբեք մի մտածիր, որ քո սխալը աներևույթ է, կամ դրանից ոչ ոք չի տուժում: Դու մեկն ես աշխարհում, սակայն Աստված հոգ տարավ նաև քո հոգու փրկության համար: Որովհետև Նա եկավ ինչպես աշխարհի, այնպես էլ անհատի փրկության համար: Իսկ եթե դու չես հավատում, ուրեմն դրանից ոչ թե աշխարհի կանոնն է խախտվում, այլ աշխարհը ցնցվում է ցավից, որն զգում է միայն աշխարհի համար իր Արդար Արյունը թափած Տեր ու Փրկիչ` Հիսուս Քրիստոս:
Այնպես ապրիր, որ քո պատճառով չտրտմի ոչ Աստված, ոչ մարդ և սիրտդ կլինի առողջ և կատարյալ ուրախ: Բարի օր բոլորիս Ողորմած Տիրոջ օրհնությամբ: Տեր Ողորմեա, Տեր Ողորմեա, Տեր Ողորմեա…
Ծովիկ Դավթյան