Ադրբեջանին զենք վաճառելու փաստն անընդունելի է. Շարմազանովը՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահին
Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում:
ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար:
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Սլովակիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:
Անդրադարձ է կատարվել անվտանգության խնդիրներին: Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել սլովակյան «MSM Martin» ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ՝ այն համարելով մտահոգիչ եւ անընդունելի:
«Այդ պետությունը զենքը կիրառում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,-ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:
Կողմերը կարեւորել են բոլոր հակամարտությունների, այդ թվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: