Էս թեման վերջնականապես փակենք. Առավոտ
Այն բանից հետո, երբ դերասան ու քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մեր հասարակությունը բաժանեց երկու մասի՝ սեւերի եւ սպիտակների, սեւերի ու սպիտակների թեման դարձավ շատերի խոսակցության թեման: Պարզ է, որ դերասանը սպիտակ ասելով նկատի ուներ հեղափոխականներին, եւ սեւ ասելով՝ հակահեղափոխականներին: Ընկերս, որ գեղանկարիչ է, այս առթիվ արտահայտվեց ու ասաց, որ նկարչի համար երբեմն սեւն ավելի կարեւոր ու դրական է, քան սպիտակը: Սա, իհարկե, հումորով:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենեւին կարիք չկար հեղափոխականներ ու հակահեղափոխականներ եւ սեւեր ու սպիտակներ փնտրել քաղաքապետի ընտրության ֆոնին եւ ընդհանրապես սեւությունն ու սպիտակությունը քաղաքական ու կուսակցական հատկանիշ համարել, եւ եթե սեւությունը՝ բացասական, իսկ սպիտակությունը դրական հատկանիշ համարենք, պիտի նկատենք ու ընդունենք, որ սեւեր ու սպիտակներ կարող են լինել միեւնուլն կուսակցության ներսում, եւ եթե հեղափոխական ես, ցանկության դեպքում սեւեր կարող ես գտնել նաեւ հեղափոխականների մեջ:
Քաղաքապետի ու ավագանու ընտրություններն ավարտվեցին, բայց սեւերի ու սպիտակների թեման, կարծում եմ, կշարունակվի: Ցավոք սրտի: Ասում եմ՝ ցավոք սրտի, որովհետեւ շատերը հեղափոխությանն անդամագրվեցին ու նվիրաբերվեցին այն պատճառով, որ հեղափոխության առաջնորդն իր իսկ ղեկավարած ու առաջնորդած հեղափոխությունն անվանեց սիրո ու համերաշխության հեղափոխություն: Սեւերի ու սպիտակների մասին ընդհանրապես խոսք չկար:
Հեղափոխության իսկական նվիրյալների մտքով չէր էլ անցնում, որ իրենք սպիտակ են: Եվ ընդհանրապես՝ որեւէ նորմալ մարդու մտքով չի կարող անցնել, որ ինքը սպիտակ է, իսկ ուրիշները՝ սեւ, կամ՝ իր համախոհները սպիտակ են, իսկ ոչ համախոհները՝ սեւ, եւ ենթադրում ենք, որ դերասան ու քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեւերի ու սպիտակների մասին իր միանգամայն ավելորդ ու անտեղի նկատառումներն արել է քաղաքապետի ընտրության միանգամայն ավելորդ լարվածության պատճառով, եւ, կարծում եմ, սեւերի ու սպիտակների թեման միանգամայն անցողիկ ու ժամանակավոր էր, ու երեւի էդ թեմային իմ էս անդրադարձն էլ է ժամանակավրեպ ու անտեղի, բայց, բոլոր դեպքերում, պիտի էս թեմային անդրադառնալով՝ էս թեման վերջնականապես փակենք, որովհետեւ եթե էս թեմայով շարունակենք խոսել, խոսքը խոսք կբերի, ու վերջ չի լինի, որովհետեւ Ֆեյսբուքում ու զանազան այլ վայրերում նկատվում է, որ սեւերի ու սպիտակների, ինչպես նաեւ հեղափոխականների ու հակահեղափոխականների թեման շատերի սրտով ու ճաշակով է, եւ շատերը կցանկանային, որ այդ թեման երբեւէ չփակվի, որովհետեւ խոսելու այլ թեմա չունեն, մինչդեռ մարդիկ համաձայն էին, որ Նիկոլ Փաշինյանով սկսված եւ գրեթե բոլորով շարունակված հեղափոխությունն անվանվի սիրո ու թավշյա հեղափոխություն, եւ շատերը հենց հանուն սիրո էին հեղափոխական դարձել, եւ իրականում հենց նրանք են իրական սպիտակը, բայց նրանք, ի տարբերություն իրենք իրենց սպիտակ հորջորջողների, երբեւէ իրենք իրենց սպիտակ եւ ուրիշներին սեւ չեն անվանում, որովհետեւ հատկապես այսօր մեզ հակացուցված են ներքին պաոակտվածությունն ու ներքին թշնամանքը, եւ նույնիսկ մշտապես անհաշտ Զարուհի Փոստանջյանն է դա գիտակցում ու ազգային միասնության եւ ազգային համերաշխության կոչեր հնչեցնում՝ քննադատելով միմյանց վարկաբեկող ու անձնական վիրավորանքներ հասցնող քաղաքապետի պաշտոնի հավակնորդներին:
Կյանքը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդների ընտրվելու շանսերն իրարից էնքան տարբեր էին, որ քաղաքապետի ընտրությունն իրար պախարակելու ու վարկաբեկելու պատճառ չպիտի հանդիսանար, բայց որ հանդիսացավ, դրա պատճառը հիմնականում հավակնորդների ու շատերի քաղաքական թյուրիմացությունն էր, որովհետեւ ոչ միայն քաղաքապետի պաշտոնի հավակնորդները, այլեւ անկախ դիտորդներիցս շատերն էլ չէին պատկերացնում, որ դերասան Հայկ Մարությանն իր մրցակիցներին կհաղթի այդ աստիճան բացարձակ ու բացահայտ տարբերությամբ ու առավելությամբ, էլ չեմ ասում, որ կային նաեւ մարդիկ, ովքեր կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապված էյֆորիայից հասարակությունը դուրս է եկել, եւ հնարավոր է նույնիսկ, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում Հայկ Մարությանը չհաղթի, բայց կյանքն ու քաղաքապետի ընտրությունը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխությունը ոչ միայն չեն խամրել, այլեւ միանգամայն նոր փայլ են ձեռք բերել, եւ եթե ոմանք կարծում էին, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Փաշինյանն ու իր կուսակցությունը կարող են եւ չհաղթել, հիմա արդեն միանգամայն հակառակ կարծիքի են. հիմա արդեն վստահաբար կարծում են, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություն կազմակերպելու համար Փաշինյանին ու նրա կուսակցությանը սրանից ավելի լավ ու հարմար պահ հնարավոր չի պատկերացնել, բայց հնարավոր է եւ պատկերացնում ենք անհամեմատ հաշտ ու խաղաղ ընտրապայքար՝ առանց ավելորդ աղմուկ-աղաղակի եւ առանց միմյանց վարկաբեկելու ու նվաստացնելու, մանավանդ որ՝ պարզ դարձավ, որ եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվեն մոտ ապագայում, վերստին կհաղթի վարչապետի կուսակցությունը, ընդ որում՝ վերստին մեծ առավելությամբ եւ առանց ընտրախախտումների: Հարկ է, որ սա գիտակցեն նաեւ հեղափոխականները, եւ եթե գիտակցեն, այլեւս չեն շարունակի մեզ բաժանել սպիտակների ու սեւերի:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: