26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի հեղափոխական խոստումները հօդս են ցնդում. Հայոց աշխարհ

Հայաստանը հաջորդ տարին կմտնի օրինական ուժ ստացած պետական բյուջեո՞վ, թե՞ առանց բյուջեի։ Այս հարցը մնում է օդից կախված։   

Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն ամեն ինչ անում է այս խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ձախողելու համար։ Դրանում գուցե տրամաբանություն կա, եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը որեւէ կերպ չի արտացոլում այն տրամադրությունները, որ ձեւավորվել էին իշխանափոխության օրերին։   

Հեղափոխության թիկունքում մնացին ինչպես բազմաթիվ այլ, այնպես էլ բյուջեի եկամուտներն ու ծախսերը կտրուկ ավելացնելու խոստումները։ Բյուջեի նախագծում դրանք որեւէ կերպ արտացոլված չեն։ Ավելին՝ կառավարությունն այլեւս չի էլ հիշում այդ մասին։ Մինչդեռ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերի կրճատման հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել տարեկան 800 միլիոնից ընդհուպ մինչեւ 1 մլրդ դոլարով։   

Թե ինչո՞ւ այս խոստումը տեղ չի գտել բյուջեի նախագծում, որեւէ կերպ պատճառաբանված չէ։ Հազիվ թե կարելի է կարծել, որ դրա պատճառը Ազգային ժողովն է, ինչը լուծարելը դարձել է Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը։   

Փոխանակ մտածելու տնտեսական խնդիրները լուծելու, բյուջեի եկամուտները կտրուկ ավելացնելու, երկրի սոցիալական վիճակը բարելավելու վերաբերյալ տրված խոստումները կատարելու մասին, կառավարությունն ամեն ինչ անում է հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու համար։ Հասկանալի է, թե որն է նպատակը։   

Հիշեցնենք, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծում կառավարությունը ծրագրել է եկամուտների գրեթե այնքան աճ, որքան նախատեսում էր նախորդ կառավարությունը։ Դրանք համարժեք են շուրջ 300 մլն դոլարի։   

Իսկ ո՞ւր մնացին ստվերի հաշվին բյուջեն մինչեւ 1 մլրդ դոլարով ավելացնելու խոստումները։ Ըստ էության այդ հաշվարկների հիման վրա էլ ձեւավորում էին աշխատավարձերն ու մյուս սոցիալական վճարներն ավելացնելու խոստումները։ Պատահական չէ, որ դրանք շարունակում են մնալ միայն ցանկություններ, որոնցով իշխանափոխության օրերին քաղաքական ուժերը կերակրում էին հասարակությանը։   

Բյուջեի հետ կապված չարդարացված հույսերը ինքնաբերաբար ջրի երես էին ելնելու խորհրդարանական քննարկումների ժամանակ՝ խորացնելով կառավարության նկատմամբ սկիզբ առած հիասթափությունների ալիքը։ Սա շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը։ Ուստի ամեն ինչ անում է խորհրդարանական ուժերին զրկելու այդ հնարավորությունից։   

Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների այն սցենարի իրականացման դեպքում, որն առաջարկում է կառավարության ղեկավարը, երկիրը հաջորդ տարի կմտնի առանց օրինական պետական բյուջեի։   

Ֆինանսների նախարարը պնդում է, թե դրանում մեծ ողբերգություն չպետք է փնտրել։ Դա նշանակում է, որ կառավարությունը լիակատար հնարավորություն է ստանում իր հայեցողությամբ ծախսելու պետական փողերը։   

Հավանաբար սա նկատի ուներ կառավարության ղեկավարը, երբ հայտարարում էր, որ հընթացս փոխելու են պետական բյուջեն։ Եթե երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում կար փոխելու բան, ապա դա պետք է արվեր մինչեւ բյուջեի նախագիծ ներկայացնելը։ Այլապես կառավարությունը հնարավորություն է ստանում զբաղվել ինքնագործունեությամբ, որը լավ բանի չի հանգեցնելու։ Ընդ որում՝ ոչ միայն պետական միջոցների ծախսային ուղղությունների ընտրության, այլեւ վերահսկողության առումով։   

Դա նշանակում է, որ կառավարությունը որեւէ պատասխանատվություն չի ստանձնում նաեւ բյուջեի կատարման համար։ Քանի դեռ այն չի անցել Ազգային ժողովով, չի կարող օրենքի ուժ ունենալ եւ ենթակա լինել պարտադիր կատարման։   

Սա վտանգավոր երեւույթ է նաեւ տնտեսական հատվածի մասնակիցների համար, ինչի հետեւանքով խորանում է անորոշության ալիքը։  

Թե կառավարության այս քայլերը որքանո՞վ են նպաստում տնտեսական գործընթացների ակտիվացմանը, առավել եւս ներդրումների ներգրավմանը, դժվար չէ պատկերացնել։ Կասկած չկա, որ դրանց հետեւանքով սպասումներն ավելի կխորանան՝ հանգեցնելով տնտեսության վիճակի վատթարացման։   

Թեեւ մինչ այդ էլ այն դժվար է բարվոք համարել։ Գործունեության նախորդ շրջանում կառավարությանը ոչ միայն չհաջողվեց դրական փոփոխություններ մտցնել տնտեսությամն մեջ ու հասարակության սոցիալական կյանքում, այլեւ նման հիմքեր չստեղծվեցին հաջորդ տարվա համար։ Չնայած խոստումներին, այնուհանդերձ ներկայացված պետական բյուջեի նախագծում չի նախատեսվում ինչպես աշխատավարձերի, այնպես էլ կենսաթոշակների ու մյուս սոցիալական վճարների ավելացում։   

Հասկանալի է, որ դա չի կարող բավարարել հասարակությանը։ Ուստի բերելու է նոր դժգոհությունների, որը բնականաբար չի բխում կառավարության շահերից։   

Սուպերվարչապետական լիազորություններով օժտված Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում արդյունք ապահովել։ Խոստացված հեղափոխական փոփոխությունները որեւէ ոլորտում տեսանելի չեն։ Սոցիալական վիճակը Հայաստանում շարունակում է նույնքան լարված լինել, որքան մինչեւ իշխանափոխությունը։ Այդ վիճակը կխորանա հատկապես ձմռան ամիսներին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ