Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով:
«Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ՝ երկու-երեք ամսվա ընթացքում: Մի փաստարկ կա, որ մամուլում ևս շրջանառվում է, թե խորհրդարանում կարող է նույն արդյունքը լինել, ինչպես ավագանու ընտրություններին՝ 80 տոկոս ձայն հավաքեն, և նույն պատկերը կրկնվի: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորների մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր, այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կլինի մեծամասնություն, որը կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով»,- ասաց նա և նշեց, որ կունենան լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ փոքրամասնություն:»:
Փաշինյանի խոսքով՝ եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս հավաքի՝ բոնուսով լինելու է ԱԺ մեկ երրորդի չափով : Գործող կարգավորումները երաշխավորում են, որ ԱԺ–ի մեկ երրորդը պետք է ընդդիմադիր լինի, դա նշանակում է՝ 31 հոգի ընդդիմադիր պետք է լինի:
Այս պահին Հանրապետականները, ըստ էության, մեծ հաշվով հրապարակայնորեն հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին պետք է տեղի ունենան, և ըստ նրա՝ դա ոչ կառուցողական մոտեցում է, կարծում է Փաշինյանը.
«Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է, որ ցանկանում է՝ ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հանդիպումից գոհ ու դժգոհի խնդիր չկա. «Երկու տարբերակ կա. մեկն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է ,որ համաձայնություն ենք ստորագրում, որ վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Ըստ Փաշինյանի՝ երկու տարբերակներն էլ իրենց առավելությունները և ռիսկերը ունեն:
Միայն թե վարչապետը վստահ է՝ հնարավոր չէ իրենց հետ կայացրած որևէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է: