15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես պատերազմ տեսած մարդ եմ. ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ դեսպաններին

ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Ներկայացնում ենք նախագահ Սարգսյանի խոսքը դեսպանների հետ հանդիպմանը.

“ԵԱՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար և ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ի սկզբունքները և անվտանգության համապարփակ ընկալումն ամբողջովին համահունչ են մեր պատկերացումներին:

Շատ կարևոր է, որ մենք կառույցի շրջանակներում համաձայնվել ենք, որ որևէ երկրի անվտանգություն չի կարող ապահովվել այլ երկրի անվտանգության հաշվին: Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր բոլոր հանձնառությունները: Բայց վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ստիպում է մեզ լրջորեն մտածել մեր որոշ մոտեցումների փոփոխության մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանում անհապաղ արդարացվեց վայրենի հանցագործություն կատարած մի անձնավորություն, և այս իրադարձությունը, իհարկե, ցավոք սրտի, մեր կարծիքով, վերջինը չէ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2007թ. Մինսկի խումբն առաջարկեց ԼՂ խնդրի կարգավորման իր տարբերակը: Շատերը հիշում են, թե ինչպես էր Ադրբեջանը հրաժարվում այդ փաստաթղթից, այնուհետև՝ դեկլարատիվ հայտարարություն արեց, որ այդ փաստաթուղթն ընդհանուր առմամբ իր համար ընդունելի է, այնուհետև սկսեց սեփական մեկնաբանությունները տալ սկզբունքներին: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել ինքնորոշման իրավունքը: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել «ռեֆերենդում» հասկացողությունը: Եվ սկսվեց մի ներկայացում, որի ողջ իմաստը կայանում էր հետևյալում՝ ձգել ժամանակ, կուտակել սպառազինությունների մեծ պաշար և հարմար պարագաներում ռազմական ճանապարհով փորձել լուծել ԼՂ խնդիրը:

Մեր կարծիքով, մարդասպանին արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ալիևին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին: Հակառակ պարագայում, ես կարծում եմ, որ Ադրբեջանում, այդ թվում՝ նաև ղեկավար կազմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին շատ պարզ տեսնել, թե ինչ հետևանքների կարող է բերել այսպիսի քայլը: Եվ միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը, ինչպես ասացի, վաղուց է սկսվել՝ երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որևէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին:

Երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ ցուցում տվեց Գիտությունների ազգային ակադեմիային՝ շարադրել Ադրբեջանի մի պատմություն, որտեղ հայերը բնավ չպետք է լինեին, որևէ մեկը ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին: Երբ Ալիևը սկսեց հայտարարել, որ Երևանը և ընդհանրապես Հայաստանը ադրբեջանական տարածքներ են, որևէ մեկը չարձագանքեց այս հայտարարությանը: Եվ երբ Ալիևը հայտարարեց, որ իրենց թիվ մեկ թշնամին հայությունն է, և թշնամուն պետք է ոչնչացնել, որևէ մեկը չարձագանքեց: Մեր բոլոր զգուշացումներին, մեր բոլոր խնդրանքներին և՛ համանախագահներին, և՛ մնացածներին, որ սա վատ գործընթացի սկիզբ է, ստանում էինք անընդունելի պատասխաններ:

Իսկ պատասխանը հետևյալն է՝ որ Ալիևի այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար: Հայտարարությունների այդպիսի խզվածություն ներքին և արտաքին սպառման համար ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Չի կարող մարդը մինչև օրվա կեսը մտածել մի կերպ, երկրորդ կեսին՝ մեկ այլ կերպ:

Չի կարող մարդը երկուշաբթի մտածել մի կերպ, չորեքշաբթի՝ մեկ այլ կերպ: Եվ տեսնելով այս հանդուրժողականությունը՝ Ալիևը արդեն հայտարարություններից անցավ գործողությունների: Եվ առաջին գործողությունը կայացավ նրանում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ ոչ միայն արդեն շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպեցին մի քանի դիվերսիոն գործողություններ: Եվ էլի արձագանքը թույլ էր: Հիմա մենք վկան ենք այս արտառոց փաստի: Եվ ինչպես ասացի, ցավոք, սա վերջը չէ:

Գիտեք, ես պատերազմ տեսած մարդ եմ, դրա համար չեմ ցանկանում նոր պատերազմ: Ես անձամբ եմ իմ մաշկի վրա զգացել պատերազմի հետևանքները, պատերազմի ազդեցությունը: Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաև մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որևէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ: Եվ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով: Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը:

Վերջերս Հայաստանում մի սարկազմ ունեցավ մեծ շրջանառություն: Եվ նրա իմաստը կայանում է հետևյալում, որ միջազգային x կազմակերպությունը այս իրադարձություններից հետո կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` իրար չկացնահարել քնած ժամանակ: Սա տրամադրությունը բարձրացնելու կատակ չէ, սա մեր ժողովրդի վերաբերմունքն է միջազգային այն կառույցներին, որոնք փորձում են հավասարության նշան դնել զոհի և հանցագործի միջև, մեղավորի և անմեղի միջև: Սա շատ վատ հանգամանք է: Իմ խնդրանքն է ձեզ, իմ կոչն է ձեզ, որպեսզի ձեր կառավարությունները և մեր կազմակերպությունը առարկայորեն զբաղվեն այդ խնդրով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ