08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գեներալ Գրիգորյանը չգնաց հարազատ եղբոր հուղարկավորությանը

“Անընկալելի չարությամբ”

Կարծում եմ այլ բնորոշում դժվար է գտնել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին և Երկրապահ Կամավորականների միությանը վերաբերող հրապարակման համար, որ օրերս տեղ գտավ մամուլում:

Կրկնելով վերջին շրջանում ԵԿՄ-ի հասցեին տարբեր կողմերից տարածվող և արդեն ձանձրալի դարձող զրպարտանքները, այս հոդվածի հեղինակը թող ներվի ասել, ևս մեկ անբարո քայլ է կատարել, փորձելով Արցախյան պատերազմի   վավերական հերոս Մանվել Գրիգորյանին ներկայացնել որպես թե որոշակի գաղափարական  նպատակներով արհեստականորեն բարձրացրած զինվորականի:

Գեներալ Մանվել Գրիգորյանի բերած անասելիորեն մեծ ավանդը Արցախյան պատերազմին սակայն վկայված է բազմաթիվ փաստերով, ինչպես նաև լեգենդար հինգերորդ բրիգադի բազմահազար զինվորների կողմից:

Որպես մեկը բազմահազար այդ զինվորներից, ով 1994 թ. փետրվար-օգոստոս ամիսներին հինգերորդ բրիգադի կազմում եղել է Մարտակերտի ճակատում, կցանկանայի ականատեսի իմ մի քանի մտածումները ներկայացնել, հիշեցնելով, որ չի կարելի այդպես թեթևորեն կեղծել այն պատմությունը, որը դեռևս կենդանի  ներկա է Արցախյան պատերազմի բազմահազար մասնակիցների համար:

1994 թ. փետրվարին, երբ զինծառայության անցա հինգերորդ բրիգադում, մինչ այդ արդեն շատ էի լսել Մանվել Գրիգորյանի զինվորական ունակությունների, համարձակության և կազմակերպչական մեծ ձիրքի մասին, որոնք նա փայլուն կերպով դրսևորել էր Հադրութում և Արցախյան ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Ինչը, սակայն, տեսա իմ աչքերով, վեր էր պատկերացրածիցս: Ադրբեջանական բանակի 1993 թ. վերջին լայնածավալ հարձակումը կասեցնելու, ապա  և ետ մղելու համար հինգերորդ բրիգադը ուղարկվեց Մարտակերտի ճակատ, ուր և իրապես նախ կասեցվեց հակառակորդի առաջխաղացումը, ապա  և քայլ առ քայլ սկսվեցին ազատագրվել 1992-93 թթ. հակառակորդին հանձնված բնակավայրերը:

Հինգերորդ բրիգադի պաշտպանած ճակատային գիծը և նրա թիկունքը, ուր տեղակայված էին բրիգադի  զինական միավորումները, վերածվել էր մի յուրօրինակ ռազմականացված տարածքի, մի անխափան աշխատող մեխանիզմի՝  դիրքերից մինչև թիկունքային գիծ ու զորանոցները, ռազմական պայմանների կենսաապահովման ամենաբազմազան ձևերով: Հայկական ուժերի ակնկալվող հակահարձակման տարբեր ուղղություններով կարգի բերվեցին անգամ  անանցանելի ճանապարհները՝  զենքի ու զինամթերքի անխափան մատակարարման, ծանր տեխնիկայի առաջխաղացման ու վիրավորներին արագ ետ տանելու համար:

Մանվել Գրիգորյանի պատերազմական տարիների որպես երկու գլխավոր հատկանիշներ կառանձնացնեի գործադրած ջանքերը ռազմաճակատի գիծը հնարավորինս առաջ տանելու և մտահոգությունը յուրաքանչյուր զինվորի կյանքի համար: Բազմահազար և բազմաշերտ բրիգադում, ուր իրար կողքի էին բազմափորձ  կամավորականները և եռամսյա հավաքով զորակոչվածները, հրամանատարը մի ողջ համակարգ էր մշակել պատերազմական իրավիճակում, իսկ նոր եկածներին պատերազմական պայմաններին ընտելացնելու: Պատերազմական իր փորձառության և անձնական հատկանիշների վրա հիմված այդ փորձը կարծում ենք այսօր ևս բավականին ուսանելի կարող է լինել զինվորական մասնագետների համար:

Հրամանատարի անձնական օրինակի ուժը ես իմ աչքերով եմ տեսել, ուր Մանվել Գրիգորյանի գլխավորած բրիգադում ամեն ինչ ծառայել է դիրքերի պաշտպանությանը և զինվորների կյանքին, որով և պայմանավորված են եղել բոլոր այն  խստությունները, որոնք ծառայեցին նույն այս երկու նպատակներին: Թե այն ժամանակ և թե առավել ևս հիմա, դա հրաշալիորեն ընկալվել ու ընկալվում է բրիգադի այն ժամանակվա զինծառայողների կողմից: Այս պատճառով է, որ հինգերորդ բրիգադի այդ տարիների բոլոր զինծառայողները խորին հարգանքով են արտահայտվում իրենց հրամանատարի մասին:

Զինվորական կանոնադրական միակ խախտումը, որ “կատարել է”  Արցախյան պատերազմի հերոսը, դա հրամանատարական  դիտակետից առաջ մարտական անմիջական գործողությունների գծում լինելն էր:

Բրիգադի մարտունակության կարևոր հատկանիշներից էր և այն, որ 1994 թ. վերջի և մայիսի սկզբի ծանրագույն մարտերի օրերին, յուրաքանչյուր զինվոր զգում էր, որ պաշտպանական տվյալ բնագծում իր հետ սարի նման կանգնած է և բրիգադի հրամանատարը, և որ նահանջը անընկալելի էր հրամանատարի համար:

Հրամանատարի անձնական պահվածքը, թե ինչպիսի ուժ կարող էր ունենալ զինվորների համար, ներկայացնեմ բնորոշ մեկ օրինակով: Ձմեռային սառնաշունչ այդ օրերին, երբ դիրքային հերթափոխի ժամանակ հաշվի մեջ էր ամեն մի զինծառայող, անգամ մոտ հարազատների կորստյան ժամանակ չէր ստացվում զինվորներին ուղարկել հարազատի հուղարկավորությանը մասնակցելուն:

Զինվորները, թե գիտակցում էին դա, և թե ներքուստ ազդվում: Եվ ահա այդ օրերին լուր եկավ, որ Արմավիրում վախճանվել է հրամանատարի եղբայրը: Գեներալ Գրիգորյանը, սակայն, չգնաց հարազատ եղբոր հուղարկավորությանը, ասելով, որ եթե ինքը գնա, ապա դրանից հետո բարոյական իրավունք չի ունենա որևէ մեկին թույլ չտալու:

Այս դեպքը, սակայն, այնպիսի ցնցող տպավորություն թողեց, որ հաջորդող ամիսներին մինչև զինադադարի հաստատումը, երբ բրիգադում որևէ մեկը նման կորուստ ունեցավ, այլևս չդիմեց գնալ մասնակցելու խնդրանքով:

Մաքսիմ  Գորկին ասում էր, թե ինքը ավարտել է կյանքի համալսարանը: Թեև ես բախտ եմ ունեցել ավարտելու Երևանի պետական համալսարանը, սակայն պատերազմի տարիները ինձ համար դարձան կյանքի համալսարան, որի գլխավոր ուսուցիչը եղավ Մանվել Գրիգորյանը:

Այս ամենը որպես մարդկային պարզ հարգանք և երախտագիտություն ես պահել եմ իմ հոգում, և այժմ էլ չէի գրի, եթե վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի չտարածվեին մեր ազատամարտի հերոսների վրա ցեխ շպրտելու և նրանց իրար հակադրելու ողորմելի և անհեռանկար փորձերը, որոնց անհաջող օրինակներից  էր և թերթերից մեկի  վերոհիշյալ հոդվածը:

 

ՎԱՐԴԱՆ  ԴԵՎՐԻԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության

ինստիտուտի փոխտնօրեն

Բանասիրական գիտությունների դոկտոր

 ՀՀ  “Մարտական խաչի”  երկրորդ աստիճանի

 շքանշանակիր

 Երկրապահ Կամավորականների

 միության վարչության անդամ

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ