Այս խուզարկությունը խոսում է իրավապահ համակարգի ղեկավարների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին. Հ. Նահապետյան
ՀՔԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների կողմից «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում տեղի է ունեցել խուզարկություն: Նախաձեռնության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին, որ խուզարկողները փնտրել են զենք, թմրանյութ և գաղտնալսող սարքեր:
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանի խոսքով՝ դատարանի խուզարկության որոշման մեջ գրված էր, որ իրենց գրասենյակը գործում է խիստ քողարկված վիճակում:
Նահապետյանը հերքում է այդ տեղեկությունը և փաստում՝ գրասենյակը կա վաղուց և որևիցե գաղտնիություն չկա դրա հետ կապված.«Ինչ վերաբերում է իմ և Հայկ Այվազյանի կողմից այդ ձայնագրությունը ներկայացնելուն պետք է ասեմ, որ նման բան չկա»:
Նահապետյանը հայտնեց, որ իրենց մոտից առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, հեռախոսներ: Ընդ որում, առգրավվել է նաև Նահապետյանի անձնական օգտագործման համակարգիչը: Նահապետյանը զարմացած է՝ միթե համակարգիչը գաղտնալսող սարք է:
Վերջինս փաստեց նաև՝ խուզարկություն եղել է նախաձեռնության մյուս անդամ Հայկ Այվազյանի տանը, որտեղ փնտրել են թմրանյութեր և զենք. «Կարծում եմ՝ այս գործի շրջանակներում կապ չունեն զենքը և թմրանյութը»,-շեշտեց Նահապետյանը:
Հայկ Այվազյանը խուզարկության պահին տանը չի եղել. վերջինիս խոսքով՝ խուզարկության հրամանը կարդացել է մայրը, սակայն վատ տեսողության պատճառով չի կարողացել մինչև վերջ կարդալ և բանավոր խոսքից հասկացել է, որ խուզարկողները փնտրում են թմրանյութ և զենքեր. «Ես երբեք կապ չեմ ունեցել թմրանյութերի հետ և շատ տարօրինակ է, որ նման խուզարկության համար են եկել»,-շեշտեց նա:
Խուզարկությունից հետո նախաձեռնության աշխատանքները կազմալուծվել են տեխնիկայի առգրավվման պատճառով, բայց մի բան հստակ է, իրենք ավելի ակտիվ գործունեություն են սկսելու ծավալել: «Այս խուզարկությունը խոսում է իրավապահ համակարգի ղեկավարների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին»,-ավելացրեց Նահապետյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: