07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որքան ոչ պրոֆեսիոնալ են եղել, թույլ են տվել գաղտնալսել, նույնքան ոչ պրոֆեսիոնալ քննություն են տանում. ԶԼՄ ղեկավարները yerevan.today-ի խուզարկության մասին

«Բավականին շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, ու սպասվում էր, որ էսպիսի գործողություններ կանեն՝ հաշվի առնելով ՀՔԾ պետի հայտարարությունը, որը տպագրվել էր «Հայկական ժամանակ» թերթում, որտեղ նշվել էր, թե առաջինն այդ գաղտնալսման տեսագրությունը տպագրել են yerevan.today-ը և Hraparak.am-ը։ Այս մասին Ժուռնալիսների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասել է Hraparak.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՔԿ-ի և ոստիկանության 6-րդ վարչության հատուկ գործողություններին, որ կատարվում են Yerevan.today լրատվական կայքի խմբագրությունում: 

«Սաթիկ Սեյրանյանը, սակայն, կարծում է, որ այս խուզարկությունն առնչվում է կայքի լրատվական գործունեությանը։ «Մանավանդ, որ հաշվի առնենք, որ մինչև խմբագրություն մուտք գործելը խուզարկություն է տեղի ունեցել նաև լրատվամիջոցի սեփականատիրոջ բնակարանում։ Երբ որ ես՝ ինքս, փորձեցի կայքի խմբագրից՝ Սևակ Հակոբյանից ճշտել, թե ի՞նչն է պատճառը, ի՞նչ են փնտրում, նա նշեց, որ գաղտնալսման ինչ-որ սարքավորումներ են փնտրում, նաև թերևս այն հրապարակումը, որը եղավ «ՀԺ»-ում, ըստ որի՝ առաջինը հրապարակել են yerevan.today-ն ու «Հրապարակը»։ Yerevan.today-ը պարզաբանում էր տվել՝ նշելով google-ի գործիքների սխալմունքի մասին։ Բայց կապ չունի, որ մեկիս ձեռքին էլ առաջինը հայտնվեր, այդ թվում՝ «Հայկական ժամանակի», ժամանակին եղած «Հայկական ժամանակի», բնականաբար կհրապարակեին։ Բայց երբ որ այդ նույն լրատվամիջոցը (խմբ․-նկատի ունի «Հայկական ժամանակը») հրապարակեց ԱԱԾ մեկուսարանից Մանվել Գրիգորյանի լուսանկարը, նման աղմուկ չառաջացավ ու չփորձեցին պարզել, թե այդ որտեղից»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը»,-գրում է կայքը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով «Yerevan.today» կայքի խմբագրությունում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից անցկացվող խուզարկությանը ասել է՝ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, որ գաղտնալսումների ապացույց փորձում են գտնել լրատվամիջոցում: 

«Ինձ թույլ կտամ եզրակացություն անել, որ որքան ոչ պրոֆեսիոնալ են եղել, որ թույլ են տվել իրենց գաղտնալսեն և տարածեն, նույնքան էլ ոչ պրոֆեսիոնալ քննություն են տանում այդ ուղղությամբ: Տարրական տրամաբանություն է, որ լրատվամիջոցն օգտվել է Youtube-ում տեղադրված լինկից, տեղադրել դա իր մոտ, ինչպես մյուս բոլոր լրատվամիջոցները: Իրականում google-ի հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որը սխալ է ցույց տվել տեղադրման ժամանակը»,- նշեց Արմինե Օհանյանը:
Բացի քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործելաոճից Արմինե Օհանյանը խուզարկության գործողությունում միտում է տեսնում, քանի որ «Yerevan.today»-ը կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Արմինե Օհանյանի խոսքով՝ լրատվամիջոցում խուզարկություն իրականացնելու դեպք գրանցվել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք՝ 1994 թ.-ին: Այդ ժամանակ խուզարկություններ էին իրականացվել «Դաշնակցության» լրատվամիջոցներում:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ լրատվամիջոցի խմբագրությունում կատարվող խուզարկության փաստն, ինքնին, մտահոգիչ է: Ըստ նրա՝ իրավական ցանկացած գործընթաց չպետք է խոչընդոտի լրագրողների մասնագիտական գործունեությանը:

«Լրատվամիջոցներն անկախ քաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունից պետք է ազատ գործեն: Հասկանալի է, որ մեր երկրում տեղի ունեցած աղմկալի իրադարձության գործով նախաքննություն է իրականացվում, բայց, նորից եմ կրկնում, դա չպետք է լինի լրատվամիջոցների աշխատանքի հաշվին: Համենայնդեպս «Yerevan.today» կայքի խմբագրությունը հայտարարել է, որ իրենց աշխատանքը խաթարված է»,- հայտնեց Թ. Թովմասյանը:

«Yerevan.today» կայքն իր հրապարակման մեջ նշել էր, որ թվով մոտ 10 աշխատակիցներ գաղտնալսող սարքեր են փնտրում, ստուգում խմբագրության համակարգիչները` պարզելու, թե ինչպես են ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինկը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները Yerevan.Today-ի լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել, խմբագրության աշխատանքն ամբողջապես խաթարված է եղել:

«Նախկինում նման խուզարկությունների հազվադեպ բացառություններ եմ հիշում: Բայց անգամ, եթե նման բան նախկինում եղել է, չի արդարացնում այսօրվա իրավապահների գործունեությունը, որի արդյունքում խաթարվել է խմբագրության աշխատանքը»,- նշեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն այսօր խուզարկություն են անցկացրել «Yerevan.today» կայքի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Իսկ օրեր առաջ «Yerevan.today» կայքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ