24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք. Ֆարմանյանը՝ Փաշինյանին

Պետության կառավարումը, պետականաշինությունը բազմակողմանի, համակարգված ու նուրբ գործընթաց է, առավել ևս, երբ խոսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Քաղաքական իշխանափոխությունը մեր երկրում ևս հետևանք էր խոսքի ու մամուլի, այլ ազատությունների անխախտ առկայության:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Գրառումն, ամբողջությամբ, ներկայացնում ենք ստորև.

«Պետության կառավարումը, պետականաշինությունը բազմակողմանի, համակարգված ու նուրբ գործընթաց է, առավել ևս, երբ խոսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Հապճեպ, անհավասարակշիռ ու հախուռն գործելաոճը, անօրինական տևական գործողությունները կործանարար են անգամ կայացած ժողորդավարությունների համար:

Լրատվամիջոցների ու խոսքի ազատությունը մեր երկրում տասնամյակների տևական ջանքերի արդյունք է, հարյուրավոր լրագրողների, խմբագիրների, քաղաքական գործիչների, քաղհասարակության ներկայացուցիչների, երևացող ու հանրության աչքից դուրս մնացած կարևոր դերակատարների նվիրումի ու հանձնառության արդյունք:

Դա ձեռքբերում է, որ հավուր պատշաճի գնահատվել է նաև մեր միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից և շահեկան վիճակում դրել մեր ժողովրդավարությունը` հարևան երկրների հետ համեմատության հարթությունում:

Ի վերջո, քաղաքական իշխանափոխությունը մեր երկրում ևս հետևանք էր խոսքի ու մամուլի, այլ ազատությունների անխախտ առկայության:

Այսօրվա գործողությունները, անկախ փաթեթավորումից ու ներկայացվող նպատակից, հերթական հախուռն ու լավ չմտածված մեծ հարվածն է հայաստանյան ժողովրդավարությանը, խոսքի ու մամուլի ազատությանը, մեր երկրի միջազգային հեղինակությանը: Կոչ եմ անում խնդրով մտահոգ բոլոր դերակատարներին հնչեցնել իրենց անհամաձայնության ուղերձը:

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին, կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին սթափվել, հանդարտվել, խաղաղվել ու փորձ անգամ չանել նմանվելու Ռեջեբ Էրդողանին, ով իրեն ներքին հավաքական անորոշ թշնամի հռչակած «գյուլենականներ» փնտրելու պատրվակով, անում է մտքին փչածը` թքած ունենալով երկրի միջազգային հեղինակության վրա, կործանելով ժողովրդավարությունը, «գյուլենական» կարգելով լրագրողներին ու գիտնականներին, քաղաքական գործիչներին ու իր բոլոր ընդդիմախոսներին:

Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք:

Արտաքին վտանգներով շրջապատված ու պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի իմաստուն առաջնորդը համախմբում է հասարակությանը, ոչ թե` հակառակը:

Սթափվե՛ք, քանի դեռ դուք դրա հնարավորությունը, թվում է, ունեք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ