14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ դեսպաններին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Ողջունելով դեսպանների այցը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն լավ հնարավորություն է Հայաստանին առնչվող հարցերին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը անվտանգության ապահովման, ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների ամրապնդման եւ դրանով իսկ, անդամ-երկրների անվտանգ եւ կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում: Մեր երկիրը ակտիվ ու կառուցողական մասնակցություն է ունենում բոլոր նախաձեռնություններին, որոնք նպատակաուղղված են կազմակերպության իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,-ընդգծեց ԱԺ նախագահը: Նրա համոզմամբ, Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, միջազգային կազմակերպություններում իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ձախողում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լրջորեն սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:

Հովիկ Աբրահամյանը խստորեն դատապարտեց  Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու եւ այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը` տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային ժողովը այս կապակցությամբ ընդունել է հայտարարություն, որը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին եւ ազգային խորհրդարաններին: Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը գոնե հիմա կարողանա հասկանալ, որ չի կարելի վստահել Ադրբեջանի իշխանությունների անգամ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես,  եթե այն վերաբերում է մարդու, առավել եւս հայ մարդու անվտանգությանը եւ չի կարելի վստահել  մի երկրի, որտեղ խրախուսվում է մարդասպանությունը եւ հայատյացությունը: Նրա համոզմամբ` Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության  ֆիզիկական անվտանգության երաշխավոր: Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանային  խաղաղությանը եւ կայունությանը:

Դեսպանների անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության ղեկավար, Իռլանդիայի դեսպան Էոին Օ’Լիրը նշեց, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալու իրավիճակին, կատարված աշխատանքին: Նա շեշտեց, որ ԵԱՀԿ-ն ԼՂ հիմնախնդրի միակ ձեւաչափ տեսնում է Մինսկի խումբը եւ սատարում է համանախագահների ջանքերը` ուղղված հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորմանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն իր խորին մտահոգությունն է արտահայտել սաֆարովյան դեպքի առնչությամբ:

ԱՄն դեսպան Յան Քելլին դատապարտեց հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաեւ  ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու փաստը եւ նշեց, որ իրենք մտահոգված են ցանկացած գործողությամբ, որը կվտանգի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը, նրա համոզմամբ, պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում:

Նրա հետ համակարծիք էր նաեւ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելին, ով շեշտեց, որ վերջին իրադարձությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են եւ լրջորեն վնասում են բանակցային գործընթացին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ընտրական գործընթացներին: ԱԺ նախագահը նշեց, որ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն առաջընթաց արձանագրեցին նախորդների համեմատ, ինչը դրական գնահատականի արժանացավ նաեւ միջազգային կառույցների կողմից: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները նույնպես կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորը, որ ընտրությունները անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց խոսքում նշեցին, որ ԱԺ հայտարարությունը ընդունվել է քաղաքական կոնսենսուսով եւ Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունների արարքը վտանգում է ոչ միայն խաղաղությունը տարածաշրջանում, այլեւ բանակցային գործընթացը: Նրանք խստորեն դատապարտեցին Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի հրամանը, նշելով, որ Ադրբեջանում խրախուսվում է այլատյացությունը, էթնիկ եւ կրոնական հողի վրա կատարված սպանությունը, իսկ հայատյացությունը այդ երկրում քարոզվում է պետական մակարդակով :

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ հայտարարության անգլերեն տարբերակը տրամադրվեց դեսպաններին:

 

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ