Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը
՛՛ Միաբևեռ աշխարհակարգն արդեն ապրում է իր վերջին օրերը, 90-ականներին կոտրված ՌԴ-ը վերագտել է իրեն ու իր դիրքերն է վերագրավում տարածաշրջանում՛՛,-այսօր, խոսելով Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններից, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա՝ այն համարձակությունն ու վստահությունը, որ Ռուսաստանն է ցուցաբերում, խոսում է այն մասին, որ դա արկածախնդրություն չէ:
՛՛Եվրոպան, որ տարածաշրջանում գլխավոր ընդդիմախոսն է, շատ զգուշավորություն է ցուցաբերում, որովհետև գիտի, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները էականորեն ազդելու են իր վրա: Եթե Եվրոպան առաջին հերթին դնում է տնտեսական շահերը, ապա հենց այդ պատճառով էլ չի գնա կտրուկ քայլերի՛՛,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, քաղաքագետի խոսքով, նա ընտրել է անհաջող բանախոսության, բանավեճի լեզու ու առաջին պլան է մղել այնպիսի մի բանաձև, որ Ղրիմի ժողովուրդը չի ճանաչի հանրաքվեն: ՛՛Պուտինն ավելի հեռանկարային բանաձև է դրել՝ ասելով, որ իրենք դեմ են բռնություններին: Իրադարձությունների նման ընթացքը ցույց է տալիս, որ մենք գտնվում ենք բեկման կետում՛՛:
Հարցին, թե ինչ անդրադարձ կունենան այս իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության վրա, քաղաքագետը պատասխանեց, որ պետք չէ միանշանակ ասել, որ նման զարգացում է լինելու նաև Ղարաբաղի դեպքում, կամ այս զարգացումը կարող է որևէ կերպ ազդել Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման վրա:
՛՛Յուրաքանչյուր կոնֆլիկտ անկրկնելի է գլոբալ իմաստով, ու գլխավոր խաղացողները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում ամեն մի հակամարտության նկատմամբ: Մենք պետք է պատրաստ լինենք դեպքերի այլ ընթացքին, ոչ թե մտածենք որ աշխարհի այս կամ այն մասում այս հարցը նման լուծում է ստացել ու կհարուցի ղարաբաղյան հարցի այս կամ այն լուծումը՛՛:
Արդյոք կարող է ազդել Ղարաբաղի հարցի վրա այն, որ Մինսկի խմբի համանախագահները հակասություն ունեն Ղրիմի հարցում: ՛՛Մինսկի խմբի համանախագահները կընդունեն մի այնպիսի կեցվածք, թե իբրև ոչինչ չի պատահել՛՛:
Խոսելով երրորդ համաշխարահային պատերազմի հնարավորության մասին՝ քաղաքագետը շեշտեց. ՛՛Ես ենթադրում եմ, որ բոլոր խոշոր պետությունների ղեկավարները պետք է խելագար լինեն դեպքերը նման հունով տանելու համար, այդպիսի բան հնարավոր չէ, իրար զսպող ու հակակշռող ուժեր կան, Չինաստան, ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ, նժարները գտնվում են հավասարակշռված տատանումների մեջ՛՛: