23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դիկտատորը չէ. Հայաստանը դարձել է Նովգորոդի վեչե. ով գոռում է, նա է որոշում. Է. Շարմազանով

Tert.am –ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ վերջինս արդեն վերադարձել է քաղաքականություն: Հիշեցնենք, որ խորհրդարանական համակարգում ընտրական գործընթացներին մասնակցել հնարավոր է միայն որևէ քաղաքական ուժ ներկայացնելով՝ ի տարբերություն նախագահականի, որի ժամանակ առաջադրված Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ «իմ կուսակցությունը ժողովուրդն է»:

-Պարո՛ն Շարմազանով, Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ արդեն վերադառնում է քաղաքականություն, իսկ հարցին, թե ինչպես, ասաց՝ տարբեր ֆորմատներով:  Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և անցել են այն ժամանակները, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», այսինքն՝ ՀՀ-ն այլևս խորհրդարանական պետություն է, նա պետք է քաղաքականությամբ զբաղվի միայն որևէ քաղաքական ուժի ցուցակով: Նկատի ունենալով, որ առաջին հայացքից միայն  2 կուսակցություն կարող է Ռ. Քոչարյանին նման հնարավորություն տալ, ՀՀԿ-ում պատրա՞ստ են, որ առաջիկա ընտրություններում  կուսակցության 1-ին համարը լինի Ռոբերտ Քոչարյանը:

-Նախ, պարոն Քոչարյանը հայտարարեց, որ արդեն վերադարձել է: Մենք այլևս ունենք ակտիվ քաղաքականության մեջ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան: Եվ եկեք ֆիքսենք սա: Երկրորդ. լրիվ համամիտ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ կան տարբեր ֆորմատներ:  Եվ նույնիսկ խորհրդարանական հանրապետությունում ընդհանրապես պարտադիր չէ, որ դու լինես այս կամ այն կուսակցության անդամ, որպեսզի զբաղվես ակտիվ քաղաքականությամբ: Կարող է՝ քո շուրջ դաշինքներ ձևավորվեն, կարող է՝ պառլամենտում կուսակցությունները միավորվեն, քեզ պաշտպանեն, կարող է՝ նոր կուսակցություն ստեղծես՝ քո համախոհներով: Դրա համար էլ ասաց, որ ֆորմատները տարբեր են:

-Ես խոսում եմ ընտրությունների մասին:

-Դուք արդեն որոշել եք, որ վաղն ընտրությո՞ւն է լինելու: Կգա ժամանակը, Քոչարյանը կորոշի՝ իր թիմակիցների ու համախոհների հետ: Եվ ուզում եմ ասել՝ «վերադարձ» ասելով, ինքը չի ասում՝ պիտի մասնակցեմ ընտրություններին, ինքը ասում է՝ վերադարձել եմ: Եվ քաղաքականությամբ զբաղվելը միայն հերթական կամ արտահերթ ընտրություններին սպասելը չէ: Եվ նորից եմ ասում՝ երեկվա հարցազրույցից ֆիքսում ենք, որ Քոչարյանն արդեն վերադարձել է:

Երրորդ. Ինքը կարող էր որևէ կուսակցության անդամ չլինելով մասնակցեր այս կամ այն դաշինքում և գլխավորեր այն, մինչև ընտրությունները իր հետ կարող են համագործակցել խորհրդարանական տարբեր ուժեր, կրկին լինելով ոչ կուսակցական: Եվ ինքը կարող էր ստեղծել նոր դաշինք կամ նոր կուսակցություն՝ իր համախոհներով:

-Ի՞նչ տարբեր ուժերի մասին եք խոսում:

-2 ուժ կա խորհրդարանական, բայց Հայաստանում քաղաքական ուժերը բազմաթիվ են, հո միայն խորհրդարանական ուժերով չե՞ն սահմանափակվում:

-Ձեր կարծիքով՝ կլինե՞ն տարբեր կուսակցություններ, որոնք կհամագործակցեն Քոչարյանի հետ՝ չմտածելով իրենց վարկանիշի մասին:

-Հայաստանի Հանրապետությունն ապրում է այն ժամանակահատվածը, որ պետք է մարդիկ առաջնորդվեն իրենց կուսակցական շահի, այլ պետական շահի գերակայությամբ: Ինչ վերաբերում է «Հանրապետական»-Քոչարյան համագործակցությանը, ունեցել ենք 10-ամյա արդյունավետ համագործակցության փորձ, և դրանք եղել են Հայաստանի համար շատ արդյունավետ տարիներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության առումով: Եվ Հանրապետականի ներկա և նախկին առաջնորդներ  Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ այլ կոալիցիոն ուժերի՝ ՀՅԴ-ի, «Օրինաց երկրի» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ բավականին լուրջ առաջընթաց էին ապահովել: Բնականաբար, կարող եք հիշել, որ հաջորդ տասնամյակում քիչ չեն եղել տարաձայնությունները ՀՀԿ-ի ու Քոչարյանի միջև: Իհարկե, դրանով է ՀՀԿ-ն տարբերվում օրվա իշխանություններից. այն է՝ քաղաքական տարաձայնություններն անձնական դաշտ չենք բերել:

-Համագործակցության, դաշինքների մասին խոսում եք տեսական մակարդակով:

-ՀՀԿ-ն 42 ստորագրություն է տվել Քոչարյանի կալանքը փոխելու համար:

-Հավանակա՞ն եք համարում, որ ձեր ցուցակը գլխավորի Քոչարյանը:

-Ինչո՞ւ եք ցուցակից խոսում, այդ ցուցակը ո՞ր թվին է լինելու:

-Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ մինչև 2019-ի մայիս:

-Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դիկտատորը չէ: Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է նշել, որի հետ համամիտ չեմ:

-Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 1-ին դեմքն է:

-Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ կա բազմակարծություն: Եվ երբ մենք էինք 1-ին դեմքը, մեր ասածները պարտադիր չէին Նիկոլ Փաշինյանի համար: Ընտրությունների օր նշանակում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրությունների օր նշանակված չէ, ուստի խոսել այն մասին, թե կգլխավորի կամ չի գլխավորի, ինչ ռազմավարությամբ կմասնակցի ընտրություններին, դրա մասին շատ վաղ է խոսելը, որովհետև ես այս պահին միայն մեկ ընտրության մասին գիտեմ՝ Երևանի ավագանու ընտրությունների: Եվ չմոռանանք, որ ամեն օր արտաքին քաղաքականության մեջ բան է փոխվում: Ու որ հարցնում եք՝ կգլխավորի թե չի գլխավորի, ասացի՝ շատ բան կախված է, թե ինչպիսի քաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումներ տեղի կունենան: ՀՀԿ-ի նախագահը Սերժ Սարգսյանն է, ՀՀԿ-ն ունի իր գաղափարախոսությունը, և մենք ասել ենք այն կետերը, որոնց շուրջ պետք է ծավալենք մեր քաղաքականությունը: Դա ազգային  արժեքային համակարգն է, որն, ի դեպ, այսօր շատ վտանգված է՝ սեռական փոքրամասնությունների պղծության քարոզով, Շուռնուխի դեպքերով և վեհարան մտնելով, մեր արժեքային համակարգը ՀԱՊԿ-ն է և Եվրասիական միությունը: Նաև մենք գտնում ենք, որ այսօր շատ լրջորեն տարաձայնություններ ունենք, մասնավորապես՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հայտարարությունների փոխանակումը, որքան էլ հայկական կողմը նշի, թե ամեն ինչ լավ է, մենք տեսնում ենք, որ Արցախյան հիմնահարցի հետ կապված կան լուրջ զարգացումներ, նախիջևանյան ուղղությամբ կա սրացում:

-Միշտ էլ կային:

– Մենք տեսնում ենք վարչապետի անունից անհաջող հայտարարություններ, թե Հայաստանը հակամարտող կողմ է, մինչդեռ հակամարտության կողմ չէ, այլ Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և մենք տեսնում ենք, որ մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) գնում է Եվրոպա, «մուննաթ» է գալիս, թե «ես հեղափոխություն եմ արել, ինչո՞ւ չեք փողերներս ավելացնում»: Եվ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանի ասածը պարտադիր է միգուցե միայն ՔՊ-ի համար: Եվ անդրադառնալով Ձեր նախորդ հարցին՝ մենք պայքարում ենք ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն»: Իսկ Նիկոլ Փաշինյանի ողջ ռեսուրսն այսօր կենտրոնացված է ոչ թե «հանուն»-ի, այլ «ընդդեմ»-ի: Եվ այսօր հակահեղափոխականներին սարքել են «բոբո», ես հարցազրույցներից մեկում ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինձ հիշեցնում է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Յակոբինյանների, մասնավորապես՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերի քաղաքականությունը: Եվ մենք հիշում ենք, թե ինչքան տխուր եղավ և՛ իրենց, և՛ Ֆրանսիայի համար:

-Իրոք, չեմ պատկերացնում՝ ինչպես է Քոչարյանը զբաղվելու քաղաքականությամբ  առանց ընտրությունների, ինչ է անելու. նույնիսկ ասուլիսի մասնակցել թույլ չեն տալիս, ի՞նչ է անելու: Միայն մեկ կոնկրետ հեռուստաընկերության է հարցազրույց տալիս, քանի որ չեն թողնում:

– Ի՞նչ է նշանակում՝ թույլ չեն տալիս… մենք ապրում ենք Փաշինյանի դիկտատուրայի ժամանակաշրջանո՞ւմ, թե՞ ժողովրդավարական երկրում: Հասարակական տրամադրություններո՞վ պետք է մարդը շարժվի առաջ: Հայաստանը դարձել է Նովգորոդի վեչե. ով գոռում է, նա է որոշում: Նույնիսկ ամբաստանյալը դատարանում խոսքի իրավունք ունի: Եվ մյուս կողմից, Քոչարյանն է որոշում, Շարմազանովն է որոշում՝ իր մեսիջը ոնց հասցնի. Tert.am-ի՞ն է հարցազրույց տալիս, թե՞ մամուլի ասուլիս հրավիրում: Եվ ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի այդ իրավունքը սահմանափակել, եթե անգամ 99 տոկոսը քաղաքացիների այդպես են մտածում, բայց կա 1-ը ով ուզում է լսել Քոչարյանին: Հարցը Քոչարյանը չէ, այլ յուրաքանչյուր մարդ: Եվ այս առումով՝ հարց եմ տալիս՝ բա ինչո՞ւ է վարչապետը «Live» մտնում:

-Ամեն դեպքում, ինչպե՞ս է արտահայտվելու Քոչարյանի՝ քաղաքականության մեջ լինելը, եթե կուսակցություն չունի, ընտրությունների օրն էլ հեռու է: Հո միտինգ չի՞ անելու:

-Կարող է համագործակցել պառլամենտական ուժերի հետ, հարցնում եք՝ ինչպե՞ս. ծրագիր մշակել, օրենքների նախագծեր քննարկել, արտաքին քաղաքական հարցեր… Քաղաքականությամբ զբաղվելը միայն պառլամենտում լինելն ու միտինգ անելը չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ