Մարտի 1-ի մեղքը փաթաթված է թե Լևոն Տեր-Պետրոսյանի և թե Ռոբերտի վզին. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «չգիտի»՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադի՞ր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, թե՞՝ ոչ։
Նշելով, որ վերադարձի դեպքում ՀՅԴ-ն Քոչարյանի հետ համագործակցելու ոչ որոշում ունի, ոչ էլ օրակարգ՝ Մարգարյանն այնուամենայնիվ Ազատության հետ զրույցում ասել է՝ ՀՅԴ բոլոր ուժերի հետ էլ պատրաստ է համագործակցել։
«Ազատություն». – Խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ:
Մարգարյան. – Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։
«Ազատություն». – Այդ թվում Քոչարյանի՞։
Մարգարյան. – Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ։
«Ազատություն». – Փաստորեն Դուք չեք բացառո՞ւմ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը և մտադի՞ր եք համագործակցել։
Մարգարյան. – Ինչո՞ւ պետք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ բացառում եմ։
«Ազատություն». – Եղե՞լ է նման առաջարկ։
Մարգարյան. – Ոչ։
«Ազատություն». – Իսկ Դուք սպասո՞ւմ եք, որ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն։
Մարգարյան. – Իր անելիքն է, ես իսկապես չգիտեմ։
«Ազատություն». – Հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, Դուք հնարավոր համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։
Մարգարյան. – Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե երևույթը ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել էինք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնցեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել։ Եթե մենք դա տեսնում էինք, իրենք էլ էին տեսնում, իրենք գիտակցաբար էին գնում դրան և գնացին ու ստացան էն, ինչ ստացան։ Ես ասում եմ ամենամեծ փաստը, որ 2008 թվականը դաս է եղել, որ 2018-ի էլ բարիկադներ չսարքեցինք, մահակներ չսարքեցինք, այլ ասեցինք՝ ձեռքերս վեր, «Ձեռքերս վեր» շարժում ստեղծեցինք, ասացինք մենք բռնությամբ չենք պատասխանելու և իշխանությունը չկարողացավ ուրիշ բան անել, բացի հանձնվել։