Ես հավատում եմ այս համակարգին. Ա. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ներդրված ներառական կրթության համակարգը հարյուրավոր երեխաների է արդեն տվել ավելի լավ ապագայի հույս և հիմք:
Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում՝ կրթության բնագավառում: Իհարկե, պետք է մշտապես կատարել երեխաների կրթական կարիքների գնահատում, իրականացվել հսկայական մասնագիտական աշխատանք՝ տվյալ կարիքը բավարարելու համար:
Ակնհայտ է, որ այսօր դեռևս չունենք ամենատարրական շարժական հասանելիություն ապահովող միջավայր բոլոր դպրոցներում: Ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի, մասնագիտական հմտությունների և ուսումնական նյութերի, վերապատրաստումների, փոխադրամիջոցի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ ներառական կրթություն չպետք է իրականացվի, մինչև բոլոր տեղերում չապահովվեն համապատասխան միջոցներ, որովհետև ճանապարհն անցնում է նա, ով անում է առաջին քայլը:
Մենք այդ քայլն արել ենք, և արել ենք համառ՝ երբեմն դեմ գնալով հասարակական կարծիքին, սակայն այսօր վայելում ենք հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Համապատասխան օրենքն ընդունված է, բայց այստեղ շատ կարևոր է նաև մարդկանց աշխարհայացքի փոփոխությունը, որպեսզի սա չլինի լոկ օրենքի պահանջ:
Ես հավատում եմ այս համակարգին: Իսկ ով չի հավատում, թող չլինի մանկավարժության մեջ և չխանգարի այս աստվածահաճո գործին: Վստահ եմ, որ բոլոր խնդիրենրով հանդերձ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում երեխաներին տալիս են ավելի լավ ապագայի հույս ու հնարավորություն»: