24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին. ԿԳՆ կից հասարակական խորհուրդը քննարկում է ունեցել

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: 

Նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, որոնք ընդգրկվել էին աշխատակարգով սահմանված ժամկետներում իրականացված ռոտացիայի արդյունքում: 

«Վերջին շրջանում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են հասարակական խորհրդի աշխատանքներով, կարող են դրա նիստերին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով և հանդես գալ համապատասխան առաջարկներով: 

Նախարարությունը կարևորում է հասարակական խորհրդի գործունեությունը. անհրաժեշտ է, որ այն հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի դրանց միջոցով մենք շտկումներ մտցնենք մեր աշխատանքի մեջ և համապատասխան փոփոխություններ անենք»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի բուն հարցին՝ կրթության ոլորտի հիմնախնդիրներին և զարգացման միտումներին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խիստ արդիական են հրատապ խնդիրների լուծումը և կրթության զարգացման հիմնական ուղենիշների ամրագրումը կրթության բոլոր օղակներում՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական: «Մեր միջազգային գործընկերների հետ ներկայումս ակտիվ աշխատանք ենք տանում՝ նախակրթարանների ծրագրի հետ կապված, և առաջիկայում հատկապես հեռավոր համայնքներում դրանց թվի զգալի աճ կունենանք: Պետությունը պատրաստ է ֆինանսական ռեսուրսներ հատկացնել այս ծրագրին: 

Հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ դպրոցներն առավելապես քաղաքականացված են եղել, և կառավարման խորհուրդները չեն ծառայել իրենց բուն նպատակին՝ եղել են բացառապես տնօրեն ընտրելու և իշխանությունը վերարտադրելու գործիք, մինչդեռ դրանք ավելի մեծ լիազորություններ ունեն: Ներկայումս մշակվում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ, որի նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: 

Այս առումով ակնկալում ենք հասարակական խորհդի ակտիվ ներգրավվածությունը»,-նշել է նախարարը և հավելել, որ հասարակության շրջանում մեծ է դժգոհությունը՝ պայմանավորված 12-ամյա կրթության հետ: 

«Խնդիրը նրանում է, որ ավագ դպրոցը չի ծառայում իր հիմնական նպատակին, հետևաբար անհրաժեշտություն կա՝ դրան նոր և իրական բովանդակություն փոխանցել:  Բացի այդ, հանրակրթության ոլորտում մեր հիմնական կարգախոսը լինելու է՝ կրթության հասանելիություն բոլորի համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կոչ անելով հասարակական խորհրդի անդամներին՝ հանդես գալ համապատասխան առաջարկներով: 

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է բուհերի ներքին ցանց ստեղծելու գաղափարը, որը թույլ կտա ապահովել կրեդիտների և ուսանողների շարժունություն, բուհական համայնքի զարգացում և մրցակցության աճ: «Մենք պետք է նաև գիտությունը վերադարձնենք բուհեր. այդ հարցով որոշ առաջարկներ կան, մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքները միավորելու համատեքստում, սակայն այն կհայտնվի՞ մեր օրակարգում, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա քննարկումները»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը միտված է կրթության ոլորտին հատկացնել ֆինանսական ռեսուրսներ, սակայն դրանք լավագույնս օգտագործելու համար պետք է ուղղվեն կոնկրետ ծրագրերի ուղղությամբ: 

Խորհրդի բոլոր անդամները հանդես են եկել ելույթներով, որոնցում հնչեցրել են իրենց տեսլականը և դրանից բխող առաջարկները՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Մասնավորապես, հնչել են առաջարկներ՝ կրթության օրենսգիրք ունենալու, ներառական կրթության կազմակերպման, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու, միջգերատեսչական համագործակցության և մշտադիտարկման համակարգ ունենալու վերաբերյալ: Բարձրաձայնվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների, աշակերտական և ծնողական խորհուրդների գործունեության, ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի որակյալ կրթության հասանելիության և գյուղական համայքներում դպրոցների հնարավոր օպտիմալացման վերաբերյալ հարցեր: 

Առաջարկվել է հստակեցնել խորհրդի առաջնահերթությունները և գերակայությունները, խորհրդի օրակարգում ներառել ինչպես հրատապ, այնպես էլ ռազմավարական ծրագրերի քննարկումներ: Խորհրդի որոշ անդամների հետաքրքրել է, թե ինչպես նրանք կարող են ակտիվ մասնակցություն ունենալ կրթության քաղաքականության մշակման և որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու գործընթացում: 

Լսելով խորհրդի բոլոր անդամների ելույթները և առաջարկները՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա, և որպեսզի աշխատանքները լինեն առավել արդյունավետ, տեղի կունենա դրա աշխատանքների բաշխում՝ կոնկրետ խմբերի միջև: 

«Մինչև խորհրդի հիմնական նիստը հարցի քննարկումը տեղի կունենա խմբերում, կմշակվի ժամանակացույց և քննարկվող հարցի վերաբերյալ առաջարկներն ու որոշումները կներկայացվեն խորհրդի քննությանը: 

Մեծ խմբերով քննարկումները երբեմն լինում են անվերջ և անարդյունք, հատկապես կրթության ոլորտում, որտեղ առկա է հսկայական աշխատանք բոլոր ուղղություններով: Իրականում ԿԳ նախարարությունն աջակցության մեծ կարիք ունի, քանի որ խնդիրների այն աննախադեպ ծավալը, որ առկա է /օրական 500-700 դիմում և բողոք/, միայն աշխատակազմի ջանքերով հնարավոր չէ լուծել, հատկապես, որ ոլորտը պահպանողական է, և փոփոխությունները դժվար են առաջ գնում՝ հաշվի առնելով նաև որոշ ընթացակարգային հարցեր: Հետևաբար, մենք հասարակական խորհրդի փորձագիտական օգնության կարիքն ունենք»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նիստի ընթացքում հնչած մի շարք  արժեքավոր առաջարկներ անպայման հաշվի կառնվեն՝ հետագա աշխատանքների պլանավորման և իրականացման գործընթացում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ