Երևանի կենտրոնը վերածվել է զզվելի մի տոնավաճառի
Երևանի կենտրոնը վերածվել է զզվելի մի տոնավաճառի: Նման ոճի գրառումներ վերջին շրջանում կարելի է անընդհատ տեսնել սոցիալական ցանցերում: Շատ օգտատերեր նկատում են՝ քաղաքի կենտրոնում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում «սնկի պես» աճել են փողոցային առևտրով զբաղվողները: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել քաղցր բամբակ, զանազան տեսքի փուչիկներ, կենդանիներ, ադիբուդի և անգամ կենդանիներ վաճառողների:
«Հակասանիտարական կրպակներ՝ քաղցր բամբակով, որտեղ վաճառողները դիպչում են փողին, հետո մինչև արմունկներ մտնում բամբակի մեջ, դեգրադացնող, վախենալու փայլող աչքերով խաղալիքներ, խայտառակ վատ երաժշտություն, կենդանիների շահագործում և ամենուր աղբ․․․»,- վերջերս ֆեյսբուքյան իր էջում Կենտրոն վարչական շրջանում իր տեսածի մասին գրել էր ֆեյսբուքյան օգտատեր Ինեսա Սաղեյանը՝ նշելով, որ ինքը չի հավատում, որ դա ցանկանում են քաղաքում ապրողների մեծամասնությունը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ խոսելով բացօթյա փողոցային առևտրի ոլորտի կարգավորման մասին՝ նշեց, որ այն գտնվում է Տեղական ինքնակառավարման մարմինների կարգավորման տիրույթում: Այս դեպքում, ըստ նրա, վերահսկողությունը պետք է իրականացնի Երևանի քաղաքապետարանը:
Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ իհարկե գիտենք, թե ինչն է օրենքով սահմանված կարգով, ինչը՝ ոչ: «Բայց խնդիրը հետևյալն է. Երևանի քաղաքապետարանը ի՞նչ է անում այս ուղղությամբ, բացի այն, որ այդ ակտերի մասին ինչ-որ խորհրդակցության ժամանակ բարձրաձայնում է: Իսկ հետո՞,- ասաց նա՝ նշելով, որ իր տպավորությամբ՝ այսօր Երևանում մայթերի վրա էլ կարող են կառուցվել հանրային սննդի օբյեկտներ այն դեպքում, երբ ջուր էլ չլինում ,- դա փաստ է»:
Բաբկեն Պիպոյանը նաև նկատեց, Երևան քաղաքապետարանը շատ դեպքերում ի սկզբանե սխալ թույլտվություն է տալիս բացօթյա փողոցային առևտուր իրականացնողներին, իհարկե նաև լինում են դեպքեր, որ թույլտվություն չի լինում, սակայն քաղաքացիները շարունակում են փողոցում առևտրով զբաղվել:
Զբոսաշրջիկների աչքի առջև՝ Երևանի կենտրոնում առևտուր անելու հետ կապված էլ՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահը նշեց. «Պետությունն այս մասով պետք է ունենա ռազմավարություն, դիրքորոշում, որ, օրինակ՝ իր համար Կենտրոնում գերակայություն է համարվում զբոսաշրջիկը, իսկ Մոնումենտում՝ երեխան: Պետք է հասկանալ՝ արդյոք այդ տուրիստներին այդ բամբակը դուր է եկել, թե՝ ոչ: Պետք է ուսումնասիրեն, մոնիթորինգ անեն և գերակայությունները որոշեն: Այս եզրակացությունը չունենալը նշանակում է ունենալ բարձիթողի վիճակ»:
Tert.am-ը Երևանի կենտրոնում տիրող վիճակի մասին մեկնաբանության համար դիմել է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը: Այստեղ պարզաբանել են.քաղաքում բացօթյա փողոցային առևտուր իրականացնելը կարգավորվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (գլուխ 2), 51-րդ հոդվածի, 2-րդ կետի համաձայն:
«Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների կողմից պարբերաբար կազմակերպվում են շրջայցեր, որի ընթացքում աշխատակիցները անձամբ զրուցում են առևտուր իրականացնող քաղաքացիների հետ, հորդորում նրանց դադարեցնել ապօրինի բացօթյա առևտրային գործունեություն ծավալելը: Ըստ ընթացակարգի՝ քաղաքացուն մի քանի անգամ զգուշացնելուց հետո, վարչական շրջանի համապատասխան աշխատակիցը լիազորված է արձանագրել տվյալ իրավախախտումը: Սակայն գործընթացն իրականացնելիս առաջ են գալիս տեխնիկական դժվարություններ՝ կապված անձը հաստատող փաստաթղթերի բացակայության հետ: Անձը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում, աշխատակիցը հնարավորություն չի ունենում բացօթյա առևտուր իրականացնելու ապօրինի լինելու վերաբերյալ արձանագրություն կազմելու: Իրավիճակից ելնելով՝ աշխատակիցը դիմում է ոստիկանությանը: ՀՀ ոստիկանության կողմից տվյալ քաղաքացու կամ քաղաքացիների անձը պարզելուց հետո աշխատակիցը իրավունք ունի արձանագրել վարչական իրավախախտումը օրենքի համաձայն: Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները օրենքով սահմանված կարգով այլ կանխարգելիչ լիազորություններ չունեն»,- պատասխանել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունից:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը հավատացրել է՝ Հյուսիսային պողոտայում և Հանրապետության հրապարակում քաղցր բամբակների, ադիբուդիների, լուսային էֆեկտների, խաղալիքների բացօթյա առևտուր իրականացնելու վերաբերյալ թույլտվություն չի տրամադրվել:
«Վերոնշյալ տարածքներում Ձեր կողմից նշված ապրանքատեսակների բացօթյա առևտուր իրականացնելու համար ոչ մի թույլտվություն չի տրամադրվել, քանի որ նշված ապրանքատեսակների բացօթյա առևտուրը արգելվում է օրենքով»,- նշված է մեկնաբանությունում:
Մեկնաբանությունում նաև նշված է, որ վերջին 3 ամիսների ընթացքում ևս նշված տարածքներում իրականացվել է ամենօրյա հսկողություն, հնարավոր բոլոր միջոցներով կանխվել է քաղաքացիների կողմից իրականացվող բացօթյա ապօրինի առևտրային գործունեությունը:
«Վերոնշյալ տարածքներում ամենօրյա հսկողությունը շարունակվում է, սակայն բացօթյա ապօրինի առևտրային գործունեությունը կանխելը դժվարացել է, քանի որ աշխատակիցները իրենց պարտականությունները պատշաճ կատարելիս հանդիպում են առևտրականների և նրանց պաշտպանող քաղաքացիների դիմադրությանը: 2018 թվականի ընթացքում կանխվել և կազմվել է թվով 56 դեպքի հետ կապված համապատասխան արձանագրություն»,- նշված է մեկնաբանությունում: