էլ ավելի իջեցրեք, որ փաբ մտնելու պես լինի. խորհրդարանական ուժերը քննադատեցին Ելքի առաջարկը
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովում Ելքն էր ներկայացնում փոփոխությունների իր առաջարկները: Ի թիվս այլ փոփոխությունների, Ելքն առաջարկում է նվազեցնել անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար՝ 1 տոկոսով, այսինքն, 5 տոկոսից շեմն իջեցնել 4 տոկոսի եւ դաշինքների համար 7 տոկոսից ՝ 6 տոկոսի:
« Այնքան չի իջնում շեմը, որ խորհրդարանում հայտնվի այնպիսի կուսակցություն, որը չունի հանրային աջակցություն, բայց պետք է խորհրդարանում բազմազանություն լինի»,-հայտարարեց Ելք -ական պատգամավոր Լենա Նազարյանը: ՀՀԿ պատգամավորների կարծիքով, ցածր շեմերը ընդունելի են կայացած ժողովրդավարություններում, բարձր շեմերը՝ օրինաչափ են, երբ ուզում ես խորհրդարանական համակարգը:
«Շեմի իջեցումն իմաստ ունի, եթե մենք ունենք կայացած խորհրդարանական համակարգ, բայց այսկերպ մենք խթանում ենք պուճուրիկ խմբակցությունների առաջացումը, մենք պետք է հստակ սահմանենք մեր մարտահրավերը, իսկ մեր մարտահրավերն է ձեւավորել պատշաճ քաղաքական մշակույթ»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ ժամանակին Սահմանադրությունը փոխվեց հենց այդ նպատակով: Ըստ Զոհրաբյանի, ԸՕ փոփոխությունների նպատակը փոքր ուժերին խորհրդարան անցկացնելը չէ . «Մենք քաղաքական նպատակ չենք դրել նրանց անցկացնելու»:
Ի պատասխան, Լենա Նազարյանն ասաց, որ իրողությունների պայմաններում շեմի իջեցումը նոր քաղաքական ուժերին նոր օրակարգով հանդես գալն է: ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ կարծիք հայտնեց, որ շեմի իջեցումն իրենից բան չներկայացնող ուժին գուցե շանս տա խորհրդարան մտնել, բայց, ոչ ՝ կայանալ : «Եթե ուզում եք, որ չկայանան, էլ ավելի իջեցրեք, որ փաբ մտնելու պես լինի»: