27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լավ էլի, պրն. վարչապետ

 Պրն․ վարչապետ
 
«Իմ Քայլը» նախաձեռնությանը միացել եմ առաջին օրերից, սատարել և իմ աջակցությունն եմ հայտնել, հարկ եղած դեպքում իմ անհամաձայնությունը հայտնել բոլոր այն վերլուծություններին ու հոդվածներին, որոնք «Իմ Քայլը» նախաձեռնության վերաբերյալ պարունակել են թերհավատություն արտահայտող նյութեր։ Ապրիլի 13-ից մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին, բողոքի տարատեսակ ակցիաներին, որոնց չէին մասնակցում այսօր արդեն նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, օգնականներ ու խորհրդականներ նշանակվածների մեծ մասը։ 
 Ձեր գործընկեր «ԵԼՔ» դաշինքի հայտնի դեմքերն, ովքեր նոր կառավարության կազմում դարձել են նախարարներ, էդ օրերին լրատվամիջոցների ամենապահանջված հյուրերն էին, օրվա մեջ մի քանի լրատվամիջոցներ վազելով, լուջ-լուրջ դեմքերով քննադատում էին ՁԵՐ ՔԱՅԼԸ։ Հեղափոխությունից հետո այդ մարդիկ նույնպես ձեր կառավարության կազմում, դարձան նախարարներ։

Սա նշեցի, որպիսի պարզ լինի, որ ես ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ կամ ՍԱԲՈՏԱԺ անող չեմ, աջակից եմ։ Չունեմ  նաև, աշխատանքի խնդիր։

Հասկանալի է, որ վարչապետ ընտրվելու համար, տեխնիկական խնդիրներ լուծելու նպատակով, ձեզ անհրաժեշտ էր ԱԺ ներկայացված ուժերի աջակցությունը և դուք ստիպված էիք նրանց հետ գնալ համաձայնության և դրա համար էլ նրանց ընդգրկեցիք կառավարության կազմում։ Նախկինում, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, դուք հաճախ քննադատում էիք նախորդ իշխանություններին, քաղաքական և հայեցողական պաշտոններում ծանոթ-ընկեր-բարեկամ ու ոչ մասնագետ կադրեր նշանակելու համար։  

Եթե ձեր, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հարցում ինչ որ տեղ հասկանալի է՝ նոր կուսակցություն է, շատ փոքր, համալրված գործազուրկ և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներով, ապա անհասկանալի է 120 և 20 տարվա քաղաքական ու կառավարման համակարգում փորձ ունեցող՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մասով։ Դուք էիք ասում, որ Սերժը մեր երկիրը սարքել է ՍՏԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Հայաստանը Շվեցարիա չէ, որը  հնարավոր լինի ղեկավարել «ավտոպիլոտ» միացրած։

Մեր երկիրը զարգացած ու կայացած պետությունների հետ համեմատած, նման է մեկ շարժիչով, ֆաներայից սարքած կուկուռուզնիկի, որը թռչում է շատ ցածր բարձրության վրա, փոքր արագությամբ, չունի «ավտոպիլոտ»,  կապի անհրաժեշտ միջոցներ։ Նման ապարատ ղեկավարելու համար, ճիշտ չի պաշտոններն անվանելով քաղաքական ու հայեցողական, մաթեմաթիկ-ֆիզիկոսին նշանակել՝ գյուղատնտեսության նախարար, իրավաբանին՝ էներգետիկայի նախարար, ստոմոտոլոգին՝ արտակարգ Իրավիճակների նախարար, քննիչին՝ տրանսպորտի և կապի նախարար․․․լա՜վ, թող էլի լինեն էդ կուսակցություններից, բայց լինեն մասնագետներ և նախկին իշխանությունների հետ չաշխատած մարդիկ։

Ստացվում է, որ նախկինում ինչ կատարվել է, մեղավորը ընդամենը էն մարդամեկն է եղե՞լ, իսկ նրա ժամանակ վերահսկիչ պալատում վարչության պետ, հետո սոցապ նախարար, էկոնոմիկայի, հետո բնապահպանության նախարար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՊԵԿ-ի փոխնախագահ, տարածքային կառավարման փոխնախարար, Շիրակի մարզպետ, քննիչ, նախագահի վերահսկողության ծառայության մասնագետ,ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատամավոր առաջադրված, ՀՀԿ-ի նախընտրական հիմնը հեղինակած, տասնյակ տարիներ նախարարություններում փոխնախարարներ, վարչությունների պետեր աշխատած մարդիկ բոլորը սրբե՞ր էին։ Հիմա էլ նոր բան ենք հորինել, թե մեղավորը ոչ թե պաշտոնյաներն են եղել, այլ համակարգը, փաստորեն այդ մարդիկ ժամանակին համակարգից դժգոհ են եղել, բայց չեն հեռացել, քանի որ իրենք նույնպես օգտվել են այդ համակարգից, ամեն մեկն իր չափով՝ Սերժը ամսեկան թալանել է մի քանի միլիոն դոլար, նրանք գրպանել են մի քանի հազար դոլար։ 

Դուք էիք ասում, որ երկրում գործել է ընտրակեղծարարների մի մեծ բանակ, և հազար անգամ ճիշտ էիք, ձեր ասած այդ բանակում կամավոր հիմունքներով ծառայել են ձեր վերանշանակած բոլոր պաշտոնյաները, և նրանք այդ գործում եղել են Սերժից ավելի Սերժ։ Չնայած դա բացառվում է, բայց ընդունենք, որ նրանք մասնակցություն չեն ունեցել ընտրակեղծիքներին, նրանց մեջ կա՞ որևէ մեկը, որը ժամանակին չհաշտվելով տեսածի ու լսածի հետ, բարձրաձայնել է էդ մասին, կամ դիմում գրել, դուրս է ելել աշխատանքից։

Փաստորեն, դուք բարձր պաշտոնների եք նշանակում նրանց, ում ճանաչում եք, իսկ ձեր նշանակածներն էլ պաշտոնների են նշանակում նրանց, ում իրենք են ճանաչում, նորից ստացվում է ձեր կողմից բազմիցս քննադատված՝ ընկեր-բարեկամ-ծանոթ հին կառուսելը։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասում է՝ լողալ սովորում են լողավազանում լողալով, ասել է թե, երկրի կառավարման համակարգում պաշտոնների նշանակվածները պիտի աշխատեն, որ փորձ ձեռք բերեն։ Այո, լողանալ սովորելու հարցում ճիշտ է, բայց ճիշտ է նաև, որ լողանալ չիմացողներին միանգամից  չեն վերցնում հավաքականի կազմ, որ էնտեղ լողանալ սովորեն։

Շատ կուզենաի, որ դուք մինչև օրս, որևէ մեկին պաշտոնի նշանակած լինեիք նրա դիմումի համաձայն, ինքնաառաջադրմամբ։ Այսօր մեր երկրում շատ են լավ կրթություն ստացած, բանիմաց ու աշխատանքային բավարար փորձ ունեցող, նախկին իշխանությունների հետ որևէ առընչություն չունեցող կադրեր, որոնք պատրաստ են ծառայել երկրին։ Պետք չէ պատճառաբանել, որ այժմյան աշխատողները քաղծառայողներ են, նրանցից ազատվելը խնդիր է։ Բոլորը շատ լավ գիտեն, թե այդ լճացած կադրերը նախկինում ինչպես են քաղծառայություն խորհրդի կողմից գնված հավաստագրերով տեղավորվել աշխատանքի։ Հրապարակեք պահանջվող մասնագիտությունների ցանկն ու սահմանեք նրանք զբաղեցնելու չափորոշիչներ, թող մարդիկ դիմեն և անցնեն աշխատանքի։

Մի թույլ տվեք պաշտոններում նշանակված ձեր թիմակիցները թաքնվեն ձեր համազգային ժողովրդականության թիկունքում։ Նրանք հրապարակային և թափանցիկ աշխատել ասելով հասկացել են, ոչ թե իրենց պաշտոնական լիազորությունների կատարման հրապարակայնություն, այլ սոցիալական ցանցերում իրենց աշխատանքի հետ կապ չունեցող առօրյան ներկայացնելով, PR -վելը։ Մետրոյով մեկ անգամ աշխատանքի գնալու, օգնականի հետ պաղպաղակ ուտելու, բլոտ խաղալու նկարները, մի կոչով «դոմիկները» հանելու մասին անհեթեթ լուրեր տարածելը, նորանշանակ օգնականների, խորհրդականների հետ սելֆիները ֆեյսբուքում տեղադրելը, ամեն օր լրագրող տեսնելուց տեսախցիկների առաջ վազելով «կոռուպցիայի ողնաշարը ջարդելու մասին» բանից անտեղյակ հայտարարություններ անելն, իշխանափոխությունից 2 ամիս անց պատից կախված Սերժի նկար հանելը, որպես հերոսություն ներկայացնելը, Երևանի քաղաքապետի պաշտոնի համար ժամանակից շուտ քարոզարշավ սկսելու շրջանակներում, ինչ որ փոսի մեջ եղևնի տնկելով «լայվ» մտնելն ու ամեն տեղ  «անվորսալի ջոնին հետապնդելը», կապ չունի թափանցիկ աշխատելու հետ։ Ի դեպ, դա կապ չունի նաև, աշխատանքի նոր մշակույթի հետ։   

Հարգանքներով՝,
Արմեն Դարբինյան  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ