Արտահերթ ընտրությունների ամենաօպտիմալ ժամկետը /տեսանյութ/
Այն պահից սկսած, երբ խորհրդարանը հաստատեց նորաստեղծ կառավարության ծրագիրը, որտեղ արձանագրված էր, որ հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, այդ պահից ի վեր ներքաղաքական կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում պետք է դիտարկել հենց արտահերթ ընտրոթյունների պրիզմայով: Այս կարծիքը քաղաքագետ Վիգեն Հակոբյանինն է:
«ԸՕ շուրջ քննարկումներն արդեն սկսել են, իսկ սա նշանակում է, որ մեկնարկել է մի գործընթաց, որի ավարտը կախված է լինելու դրանում ներգրավված քաղաքական ուժերի ցանկությունից: Թե երբ կլինեն արտահերթ ընտրությունները, կախված կլինի նրանից, թե օրվա իշխանությունն ինչ խնդիր կփորձի լուծել եւ յուրաքանչյուր կուսակցության հետ ինչ ծրագիր կունենա»,-կարծում է քաղաքագետը: Վիգեն Հակոբյանի խոսքով, ժամանակի իշխանությայնը ձեռնտու է, որ ընտրություններն անցկացվեն որքան հնարավոր է շուտ, քանի որ ժամանակը նրա օգտին է աշխատում:
Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ վարչապետ Փաշինյանը Հանրապետական կուսակցությանը կփորձի օգտագործոլ Ծառուկյան Դաշինքի դեմ, որը նրա թիվ մեկ մրցակիցն է լինելու: «Վարչապետն ասել էր, որ պետք ժամանակ տալ բոլոր ուժերին ընտրություններին պատրաստվելու համար, սա կարեւոր մեսիջ է այն իմաստով, թե ինչ է նախատեսվում օրինակ, Հանրապետականի համար: Պարզ է, որ նրան ձեռնտու է, որ ընտրություններն անցնեն հնարավորինս ուշ, որպեսզի այս ծայրահեղ բացասական ֆոնը նստի: Եթե համարենք, որ այս ընտություններում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի գլխավոր մրցակիցը Բարգավաճ Հայաստանն է լինելու, այս պարագայում որոշակի պլաններ նույն Հանրապետականի հետ կարող է կապված լինել, որովհետեւ Ծառուկյան դաշինքը լուրջ ամբիցիաներ ունի եւ հայտարարել է, որ 50+1-ի է հավակնում: Այդ կուսակցությունը ունի կառույցներ եւ մրցունակ է մարզերում»,-շեշտում է քաղաքագետը՝ հավելելով, որ այս իրավիճակում ՀՀԿ-ի գործոնը կարող է օգտակար լինել Փաշինյանին:
Քաղաքագետի խոսքով, Ծառուկյան դաշինքից կարող են ձայներ տանել նաեւ որոշ արտախորհրդարանական ուժեր: «Կան ուժեր, որոնց մասին այսօր գուցե տարօրինակ է խոսել, բայց նրանք որոշակի ձայներ կարող են տանել, խոսքը օրինակ, ՀԱԿ-ի մասին է, նույն ՕԵԿ-ի, որի ֆենոմենն այն է, որ ունենում է իմիջային բավականին ցածր վարկանիշ, բայց ունի կառույցներ, ռեսուրսներ , կապեր, հատկապես մարզերում: Այնպես, որ թե երբ կլինեն ընտրությունները, կարծում եմ կախված կլինի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի տակտիկայից, թե ով կլինի նրա գլխավոր մրցակիցն ու բնական դաշնակիցը»,-կարծում է քաղաքագետը: Այս պրիզմայով եթե դիտարկենք քաղաքական պրոցեսները, Վիգեն Հակոբյանի խոսքով, ժամկետները կհեռանան, բայց, ըստ քաղաքագետի, ամենաօպտիմալ ժամկետը հոկտեմբերի-նոյեմբերն է: