“Ռինգի արքան”` մտքի արքաներին
WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ.
“Շնորհավորում եմ Շախմատի Հայաստանի հավաքականին եւ աշխարհասփյուռ հայությանը` երրորդ անգամ այս բարձրագույն թիմային արդյունքին հասնելու` Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Հերթական անգամ մեր հերոսները` Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ՍերգեյՄովսեսյանը եւ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ապացուցեցին ողջ աշխարհին, որ մենք` հայերս, փայլում ենք մեր տրամաբանությամբ, խորամտությամբ, մտքի ճկունությամբ, արագ կողմնորոշվելու եւ մտածված գործելու հատկություններով:
Սա հերթական առիթն է հպարտանալու մեր հայ լինելով, նաեւ պարծենալու, որ մեր հայրենիքը` Հայաստանը, շախմատային գերտերություն է: Շախմատի Հայաստանի հավաքականին մաղթում եմ նորանոր հաղթանակներ: Վստահ եմ` այս հաղթարշավը դեռ երկար է շարունակվելու: Իմ անսահման մեծարանքն ու քաջալերանքը ձեզ` մտքի եւ տրամաբանության արքաներիդ: