Հայաստանն ինքնասպանությունների թվի միջին տեղում է
Ցանկացած ինքնասպան չի ուզում մեռնել: Նա միշտ դուռը բաց է թողնում, լույսը վառած է թողնում: Ուզում է, որ ինչ-որ մեկն իր ձեռքից բռնի:
Նա շրջապատող միջավայրի կարիք ունի, քանի որ մենակ է մնացել: Մեկի համար ինքնասպանությունն օգնության ճիչ է, մյուսի համար` դիմացինին պատժելու միջոց:
Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով հրավիրած ասուլիսում այդ մասին նշեց հոգեբանական գիտությունների թեկնածու, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը: Ըստ նրա` Հայաստանում 2009 թ. արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 498 դեպք, 2010-ին` 592, 2011-ին` 647 դեպք:
“Ինքնասպանությունների ցուցանիշը հաշվարկվում է յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնող թվաքանակով: Եթե յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնում է 10 ինքնասպանության դեպք, ապա համարվում է, որ տվյալ երկրում ինքնասպանության ցուցանիշը ցածր է, եթե մինչև 20 դեպք, ապա համարվում է, որ ինքնասպանության թիվը միջին է և 20-ից ավելիի դեպքում է համարվում, որ ինքնասպանությունների թիվը շատ բարձր է: Հայաստանն ինքնասպանությունների թվի միջին տեղում է”,-ասաց Կամո Վարդանյանը:
Նրա խոսքով` ինքնասպանությունը վերացնել հնարավոր չէ, այն հասարակությանը բնորոշ երևույթ է: Բայց ճիշտ ու կազմակերպված գործընթացի ազդեցության դեպքում ինքնասպանությունների թիվը կարող է նվազել: Իսկ կանխարգելման համար Կ. Վարդանյանի խոսքով` պետությունը պետք է մշակի հատուկ ռազմավարություն:
“Երևույթի ահագնացման մասին Համաշխարհային առողջապահական կազամակերպությունը խոսել է դեռ 2001 թ-ին: Ներկայացվող հաշվետվության մեջ նշվում է, որ ինքնասպանության կանխարգելման նպատակով յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ է մշակել ազգային քաղաքականություն, մշակութային ավանդույթներ, արժեքային համակարգեր”: Սուիցիդոլոգի խոսքով` անհրաժեշտ է հասարակության լայն խավերին գաղափար տալ ինքնասպանության երևույթի, ինքնասպանի հոգեկանում տեղի ունեցող փոփոխությունների մասին:
“Մարդը միանգամից չի գնում ինքնասպանության: Որպես կանոն մինչև ինքնասպանություն կատարելը մարդու մոտ լինում է նախասուիցիդալ շրջան, որը նույնիսկ մեկուկես տարի է տևում: Մարդու մոտ առաջանում են մտքեր, որոնք ուղղված են կյանքի դեմ: Մարդը մենակ է մնում, կտրվում է հասարակությունից, ապրում սեփական ներաշխարհի բովանդակությամբ: Վարքի փոփոխությունը դառնում է նկատելի: Մահվան մտքերով է սկսում հետաքրքրվել”:
Ահա այս հատկանիշներն են ի հայտ գալիս ինքնասպանություն գործելու մտայնություն ունեցողի մոտ: Որպես կանխարգելման վերջին և շատ կարևոր քայլ` Կ. Վարդանյանը շեշտեց մարդկանց, շրջապատող միջավայրի ուշադրությունը: Եթե ուշադիր լինենք մեզ շրջապատողների նկատմամբ ու կիրառենք աշխարհում ընդունված միջոցառումները, ապա Կ. Վարդանյանի խոսքով` ինքնասպանությունների թիվը Հայաստանում բավականին կնվազի: