24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կկործանի։ Ամեն ինչ կքշի, կտանի

Վեհափառ Հայրապետի դեմ անցկացվող հավաքների ու ցույցերի տեսագրություններն էի նայում քիչ առաջ։ Սարսափեցի։ Վերջին ամիսների զարգացումների ամենատհաճ, ամենացավալի ու նողկալի պատկերների արտացոլումը տեսա… Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ «Վեհափառ հեռացիր» գոռացող ցուցարարներից մեկի աչքերում տեսա։ Մի ակնթարթ էր։ Բայց երևի երբեք էլ չմոռանամ այդ հայացքը։ Դիվահար մարդու հայացք էր։

Գիտե՞ք, առիթներ ունեցել եմ մարդկանց աչքերում տեսնել այն, ինչը երևի թե պետք չէր տեսնել։ Կամ էլ թե իրավունք չունեի տեսնել։ Բայց տեսել եմ։ Մահվան կնիք էլ եմ տեսել մարդկանց դեմքին։ Ցավ, հպարտություն, ափսոսանք, ուրախություն… ինչ ուզեք։ Բայց այս հայացքը նորություն էր ինձ համար։ Ուզում էի հասկանալ այդ ինչ էր, սիրտս չտվեց կադրը ետ տալ։ Ուզեցի մոռանալ, չստացվեց։ Չստացվեց, որովհետև հաջորդ տեսանյութում նորից տեսա դա։ Արդեն ուրիշ մեկի աչքերում։

…Այս ամենն սկսվող անձրև է հիշեցնում։ Երբ առաջին կաթիլը մարմնիդ է դիպչում, մտածում ես՝ ոչին, պատահականություն էր։ Հետո երկրորդը, երրորդը… ու հորդառատ անձրև։ Աստված չտա։ Կկործանի։ Ամեն ինչ կքշի, կտանի։

Բան հիշեցի։ 2016 թվականի ամռանը, երբ երկրում եռում էին ՊՊԾ գնդի գրավման հետ կապված կրքերը, ֆեյսբուքյան ընկերներիս առաջարկեցի վայելե Նարեկացու Հարությանը տաղը (Ահեղ ձայն)։ Լուսահոգի Սեյրան Ավագյանի կատարումն էր։ Մի կին, որը ներկայանում էր իբրև Sveta Hay, մեկնաբանություններում հետևյալը գրեց. «Այ, այս ՛՛վայելք՛՛ գրառումն արդեն ձեր դիմակը պատռեց, թե ինչ և ինչպես եք մտածում դուք այս դեպքերի առիթով, դա ձեր իրավունքն է, բայց որ կարող եք անգամ ամենա-ամեն երաժշտություն լսելու ՛՛ՍԻՐՏ ՈՒՆԵՆԱԼ՛՛, այլևս ամեն ինչ պարզ է»։ Ինձ ուղղված այս մեղադրանքն էլ չեմ մոռանա։ Այն ժամանակ դա ինձ օգնեց հասկանալ, որ շատ մարդիկ պարզապես համարժեք չեն ընկալում իրավիճակը։

Հիմա էլ նույնն է։ Դրա համար է, որ դուք ասում եք հեղափոխություն, իսկ ես՝ անկում։ Դուք ասում եք նոր Հայաստան, ես՝ արժեքների ոտնահարում… Էն հայացքը վկա։

Ու մարդ չգիտի, թե ինչ ասի։ Մտքումս միայն աղոթքն է՝ Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում…

Հրանտ Մելիք-Շահնազարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ