Սիրիահայերի պահանջով “Արմավիա”-ն վերականգնել է Երեւան-Հալեպ չվերթը
“Արմավիա” միջազգային ավիաընկերությունը վերականգնել է դեպի Հալեպ չվերթները: Այս մասին Henaran.am-ին հաղորդում է ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Նանա Ավետիսովայի փոխանցմամբ, ընկերությունն այս որոշումը կայացրել է, սիրիահայերի պահանջով. “Իրենք չեն ուզում մնալ այստեղ, ասում են` ավելի լավ է մենք այնտեղ ռմբակոծության տակ մնանք, քան թե այստեղ: Եթե մարդիկ ուզում են իրենց տները վերադառնալ, մենք ինչ կարող ենք անել” :
Երերկ` սեպտեմբերի 9-ին կազմակերպված Երեւան -Հալեպ չվերթով Սիրիա են ուղեւորվել Հայաստանում հանգստացած սիրիահայ երեխաները: Հակառակ ուղղությամբ չվերթը նույնպես կայացել է, իսկ այսօր կայացել է այն չվերթը, որը պետք է կազմակերպվեր նախորդ երկուշաբթի օրը` սեպտեմբերի 3-ին:
Henaran.am -ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ “Արմավիա” ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից դադարեցրել է դեպի Հալեպ չվերթները` հիմնավորելով, որ նման որոշումն ընդունվել է ուղեւորների անվտանգության նկատառումներից ելնելով: Ի դեպ, մեզ “Արմավիա”-ից ավելի վաղ փոխանցել էին, որ դեպի Հալեպ չվերթները դադարեցվել են անորոշ ժամանակով` մինչեւ Սիրիայում իրավիճակի կայունացումը:
Երեւան-Հալեպ վերականգնված չվերթը կգործի շաբաթը մեկ անգամ: