Շնորհակալ եմ, տղերք. անսահման ջերմություն եւ հպարտություն նախագահականում
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ:
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների տեղի է ունենում ընդունելություն և պարգևատրման հանդիսավոր արարողություն: Մեր հերոսներին ներկաները դիմավորեցին հոտնկայս` բուռն ծափահարություններով :
“Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին, մարզիչներին եւ մեր ողջ ժողովրդին: Հաղթելով Ստամբուլում 3-րդ անգամ` մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նման հաջողություն քիչ երկրներ են կարողացել արձանագրել, ինչը մեր սրտերը հպարտությամբ է լցնում: Իսկ ավելի ստույգ միայն Սովետական միությունը, Ռուսաստանն ու Հայաստանն են այս բարձունքը 3 անգամ գրավել”,-նշել է ՀՀ նախագահը իր խոսքում:
Սերժ Սարսյանը նշել է, որ հայ շախմատիստները հաստատեցին ճշմարտությունը, որ կարող ենք լինել եւ հզոր անհատներ, եւ թիմ: Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ շատ բանի կարող ենք հասնել` ապավինելով մեր մտքի ուժին, եւ գիտակցությանը”,-նշեց ՀՀ նախագահը:
“Շնորհակալ եմ տղերք”,-ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի հրամանագրով թիմային փայլուն հաղթանակի, հայրենիքի պատիվը բարձր պահելու ամար Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, Լեւոն Արոնյանը պարգեւատրվեցին սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Միջազգային գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը պարգեւատրվեցին Պատվո շքանշանով: