08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շնորհակալ եմ, տղերք… անսահման ջերմություն եւ հպարտություն նախագահականում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայ շախմատիստներին:

“Սիրելի՛ հայրենակիցներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին, մարզիչներին եւ մեր ողջ ժողովրդին: Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթելով՝ երրորդ անգամ մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նման հաջողություն շախմատային օլիմպիադաների պատմության մեջ քիչ երկրներ են կարողացել արձանագրել, եւ այդ փաստը հպարտությամբ է լցնում մեր սրտերը, իսկ եթե լինենք ավելի ստույգ, ապա շախմատային օլիմպիադաներում միայն Խորհրդային միությունը, Ռուսաստանն ու Հայաստանն են, որ երեք եւ ավելի անգամ դարձել են չեմպիոններ:

 

Հայ շախմատիստները ոչ միայն երեք անգամ օլիմպիական բարձունքում ծածանեցին հայոց եռագույնը, այլեւ վերահաստատեցին այն ճշմարտությունը, որ մենք կարող ենք լինել եւ՛ հզոր անհատներ, եւ՛ միասնական թիմ: Նրանք շարունակում են մեր հասարակությանը ներշնչել հավատ սեփական ուժերի հանդեպ եւ ինքնավստահություն: Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ մենք շատ բանի կարող ենք հասնել` ապավինելով մեր մտքի ուժին եւ հավաքական գիտակցությանը:

 

Այսօր մենք մեծարում ենք մեր հերոսներին: Նրանք օրինակ են ոչ միայն պատանիների, այլեւ բոլորի համար: Նրանք ինչ-որ տեղ խորհրդանշում են մեր երկրի ու հասարակության անցած եւ անցնելիք ճանապարհը: Երբ մենք ասում ենք, որ մեր զարգացման ամենակարեւոր ռեսուրսը մարդն է, մենք նկատի ունենք հենց մարդկային այս որակները՝ ուժեղ, միջազգային ասպարեզում մրցունակ եւ հայրենասեր: Սահմանափակ միջոցներով մեծ արդյունքի հասնելը մեր ուժերի սահմաններում է, եւ դա նրանք ապացուցում են արդեն որերորդ անգամ` իրենց հետեւում թողնելով հսկաների:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի առթիվ: Ինձ համար սա շատ ավելի թանկ է, քան պարզապես մարզական հաջողությունը: Սրանով մեր շախմատիստները լրջագույն ուղերձ են հղում մեր հասարակությանը եւ ողջ հայությանը առ այն, որ մենք շատ բան կարող ենք անել:

Սա ուղերձ է այն մասին, թե որտեղ են մեր ուժեղ եւ թույլ տվեք ասել՝ մեր թույլ կողմերը: Սա ուղերձ է բոլորիս, թե ինչպես պետք է յուրաքանչյուրն աշխատի իր տեղում, թե ինչ պետք է անի եւ հատկապես ինչ պետք է չանի:

Շնորհակալություն հայտնենք նրանց ուրախության ու հպարտության այն հրաշալի պահերի համար, որ նրանք պարբերաբար պարգեւում են մեզ, ինչպես նաեւ այն հզոր ու առաջատար ազդակների համար, որ մեր հասարակությունը ստանում է նրանցից:

Շնորհակալ եմ տղերք,

Կեցցե՛ք: Ձեր համեստության չափ հաջողություն եմ մաղթում ձեզ, եւ թող Կարեն Ասրյանի հիշատակը, որպես պահապան հրեշտակ, ձեզ տանի նորանոր հաջողությունների:

Մեկ անգամ եւս շնորհակալություն: Թեեւ պետք է ասեմ, որ այստեղ շնորհակալությունն այն բառը չէ, որ պետք է օգտագործել: Դուք ուղղակի ազնվաբար, տղամարդավարի կատարում եք ձեր գործը, եւ սա շատ ավելի լուրջ գնահատականի է արժանի: Ապրե՛ք: Կեցցե՛ք:

Ի դեպ, մի քանի վայրկյանով միացրել էի հեռուստացույցը, եւ ուղիղ եթերում մեր հաղորդավարներից մեկը զրուցում էր մեր պատգամավորներից մեկի եւ շախմատիստներից մեկի հետ:

Ուղիղ եթերում նա ասում էր, թե ինչո՞ւ մեր շախմատիստներին հերոսի կոչում չեն շնորհում, քանի որ նրանք, իրոք, արժանի են հերոսի կոչման: Ե՛վ հանրությունը, եւ՛ տարբեր միջավայրերում խոսում, ասում են, որ տղաները հերոսներ են: Ես վստահ եմ, որ դրա ժամանակն էլ է գալու”,-իր ելույթում ասաց Հայաստանի նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու եւ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգեւներ շնորհելու մասին:

Մասնավորապես, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Բագրատի Պետրոսյանը եւ միջազգային գրոսմայստեր Լեւոն Գրիգորի Արոնյանը պարգեւատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Պատվո շքանշանով են պարգեւատրվել միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Էդուարդի Հակոբյանը, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Մուշեղի Մովսիսյանը, միջազգային գրոսմայստեր Տիգրան Լեւոնի Պետրոսյանը, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Էդուարդի Սարգսյանը:

Նախագահի այլ հրամանագրերով, 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Գրիգորի Թավադյանը պարգեւատրվել է”Հայրենիքին մատուցած ծառայությունների համար”1-ին աստիճանի մեդալով:

2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու համար Արմեն Ռուբենի Աղուզումցյանը պարգեւատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ