28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մի քիչ դաժան վիճակ է. պատահական մարդկանց բերելը տնտեսության վրա է ազդում

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը կառավարության ծրագրի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը բարի ցանկությունների  շարքից է համարում: Henaran.am -ի հետ զրույցում, Հրաչ Բերբերյանն ասաց, որ փաստաթղթում նշված են ցանկություններ, բայց չկան դրանք իրագործելու մեխանիզմները: Հրաչ Բերբերյանի կարծիքով, կառավարության ծրագրիրն ընդհանրապես, հակիրճ է, իսկ Հայաստանի տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին քիչ տեղ է հատկացված:

«Շատ համառոտ է ներկայացված, որեւէ բան բացված չէ, թե ինչպես են անելու: Օրինակ, հողի համաչափ յուրացման մասին է խոսվում, մեխանիզմները չկան, քայլերը բացված չեն: Անասնապահության մասին ընդհանրապես խոսք չկա, թեեւ այն գյուղատնտեսության կարեւոր ճյուղերից է»,-նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:

Հրաչ Բերբերյանը դրական գնահատեց գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների համաներման մասին դրույթը, միեւնույն ժամանակ նշեց, թե պարզ չէ, ինչ է լինելու, գյուղացու հետ օրինակ, բնական աղետներից տուժելու դեպքում:  «Տույժ-տուգանքների հետ կապված գյուղացու հոգսը թեթեւացնելու մասին է գրված, շնորհակալ ենք կառավարությունից,  դա դրական է, բայց պարզ չէ, օրինակ եթե Արմավիրի տարածքում ծիրանի բերքը կարկտահարությունից տուժի, արդյո՞ ք գյուղացին փոխհատուցում ստանալո”ւ է, թե” ոչ»,-նշեց Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանի խոսքով, տպավորությունն այնպիսին է, թե Ծրագրի տվյալ հատվածի վրա ոլորտի մասնագետներ չեն  աշխատել: Բերբերյանն ասում է՝ նոր կառավարությունում, մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում պարզապես քաղաքական մոտեցում է դրսեւորվել եւ ոլորտը հայտնվել է մասնագիտությամբ  ֆիզիկոս նախարարի ղեկավարման ներքո:

«Կարծում եմ մեր բնագավառում քաղաքականություն է կիրառվել , եկել է մասնագիտությամբ ֆիզիկոս, էնպես որ, մի քիչ դաժան վիճակ է: Ամեն անգամ պատահական մարդկանց բերելը տնտեսության վրա է ազդում»,- Henaran.am -ին ասաց Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունն այն ոլորտներից է, որով պետք է մասնագետները զբաղվեն.  «Իմ խորին համոզմամբ, արդյունաբերությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը պետք է լինեն պրոֆեսիոնալների ձեռքին: Գուցե պետք է գնալ անգլիական մոդելով, ասել՝ սա պետական նախարար է, սա՝ քաղաքական, որպեսզի բնագավառը կայուն մնա»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագիրը գործադիրը հաստատել է: Փաստաթուղթը խորհրդարանն արտահերթ նիստով կքնարկի հունիսի 7-ին: Ի դեպ, ծրագրում որեւէ թվային թիրախ կամ նպատակադրում չկա: Փաշինյանի կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթությունները  3 են՝  բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն , զբոսաշրջություն: Կառավարության ծրագրում նշվում է, որ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ