Ուզում եք ընդմիշտ կորցնե՞լ Ղարաբաղը՝ որոշեք ինքներդ. Վիտալի Տրետյակովն՝ Ուկրաինայում եւ Հայաստանում Մոսկվայի դերի մասին. “Առաջին լրատվական”
“Առաջին լրատվական“-ը զրուցել է ՄՊՀ-ի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, հայտնի ռուս քաղաքագետ, լրագրող, Երևանում հիմնադրված “Գրիբոյեդով” ակումբի անդամ Վիտալի Տրետյակովի հետ:
– Պարոն Տրետյակով, բոլորս հետևում ենք ուկրաինական զարգացումներին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայում և ըստ Ձեզ՝ այն կանդրադառնա՞ հետխորհրդային տարածքի, այդ թվում՝ այդ տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների վրա:
– Ուկրաինայում քաոս է տիրում: Այս իրավիճակում իշխանությունը վերցնում է կամ ամենաուժեղը՝ ռեսուրսներով և քաղաքական կամքով, կամ ամենալկտին: Իհարկե, անհրաժեշտ է նաև Վաշինգտոնից ուղղորդվածության նշանը: Բայց եթե դու շատ ուժեղ ես և շատ լկտի, ապա առանց դրա էլ կարող ես: Կա նաև երրորդ տարբերակը՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի կամ Չինաստանի ուղիղ ներդրված անձը: Չինաստանն այս խաղին չի մասնակցում: Ռուսաստանը, դատելով ամեն ինչից, ինքն իրեն հանել է խաղից: Մոսկվայից՝ ի դեմս նախագահի և վարչապետի, չեն հնչում հայտարարություններ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ: Հնարավոր է, որ հստակ հայտարարություն հնչի այսօր, իսկ հիմա միգուցե գաղտնի աշխատանք է ընթանում: Այս փուլում Ուկրաինայի իրադարձությունները տանում են կամ դեպի ժողովրդավարական դիկտատուրայի հաստատում, կամ անջատում:
Ներկայումս Ուկրաինան ամբողջությամբ կորցրել է ազգային անկախությունը, բայց բացառված չէ, որ Օլիմպիադան ավարտվել է և Պուտինը դեռ ասի այն, ինչ նրանից սպասում են Ռուսաստանում և Արևելյան ու Հարավային Ուկրաինայում շատերը: Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտները չեն վերանալու: Ուկրաինային մոտ ապագայում որևէ մեկը հաշվի չէր առնում այդ պրոյեկտներում: Բայց Մինսկն, Ալմա-Աթան ու Մոսկվան, անհերքելի է, քաղաքականապես այլևս չեն համընկնում: Ի դեպ, սա վերաբերում է նաև Մաքսային միությանը, որի ներսում շատ հակասություններ կան՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական:
– Պնդում եք, որ ՌԴ-ն դիրքորոշում չունի ներկայումս, բայց միջազգայնագետներ էլ կան, որոնք պնդում են, թե Ռուսաստանն ակտիվորեն խառնվել է ուկրաինական վերջին զարգացումներին, քանի որ ձգտում է պոկել Ուկրաինայի գոնե մի մասը՝ կայսրություն կառուցելու համար, քանի որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կդառնա կայսրություն, իսկ առանց Ուկրաինայի Ռուսաստանը մեծ երկիր է: Համամի՞տ եք, և եթե՝ այո, ապա ռուսական ծրագրերի հաջողությունը կլինի երկարաժամկե՞տ ձեռքբերում, թե՞ ոչ:
– Փորձագետները սովորաբար ասում են այն, ինչ հարկ է ասել: Ռուսաստանն Ուկրաինայում դեռ չի պարտվել, իսկ միջամտել է ավելի պակաս, քան ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Այսօր կայսրություններ են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը մնում են կայսրություն: Դա պարզապես մեծ, բազմազգ պետության տեսակներից մեկն է: Իհարկե, Ուկրաինան ծայրահեղ կարևոր է Ռուսաստանի համար, բայց առանց Ուկրաինայի էլ Ռուսաստանը մնում է Ռուսաստան: Ի վերջո, չպետք է մոռանալ և լռել, որ Ուկրաինայի բնակչության կեսը ռուսներ են: Նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 8 միլիոն: Ներկայիս Ուկրաինայի կազմում ռուսական հողեր են: Մի խոսքով՝ ռուսները ռուսական հողում Ուկրաինայում շատ շատ են, որպեսզի Ռուսաստանը կարողանար այդ փաստը արհամարհել: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ եղել է թույլ, փոքր, բայց շատ խելացի և միայն մի քանի կորպորացիաների շահերն արտացոլող: Ռուսաստանը ոչ միայն մեծ երկիր է, այլև հզոր գերտերություն՝ բոլոր չափանիշներով, թեև նաև՝ թուլացած: Ո՞վ է ասում, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ է միայն մեծ երկիր: Փորձագետները ո՞ր երկրներից են: Եթե ԱՄՆ-ից են, ապա մրցակից են, այդ իսկ պատճառով էլ նման կերպ են արտահայտվում:
– Պարոն Տրետյակով, Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կախված է նաև այդ միության կայացումից, որի հարցում գնահատականները բավականին հոռետեսական են: Դուք ևս նշեցիք, որ անհամաձայնությունները ՄՄ անդամ երկրների միջև շատ շատ են: Դուք հակառակ ընթացքի ի՞նչ հիմքեր եք տեսնում:
– Ես շատ եմ գրել, որ Ռուսաստանը, բացի իր այլ որակներից, պատմականորեն միություն ձևավորող երկիր է: Այս կամ այն ձևաչափով Ռուսաստանի շուրջ կվերածնվի նոր միություն, որին մենք ներկայումս հետևում ենք՝ չնայած բոլոր «ոչ»-երին: Բայց կտրուկ կերպով այս գործընթացն արագանալու է ԵՄ-ի քայքայումից հետո, որը տեղի կունենա մոտավորապես 2017-20 թթ:
– Հայաստանում բավականին դրամատիկ կերպով ընդունվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին միանալու որոշումը, և դրա արդյունքում սաստկացան հակառուսական տրամադրությունները: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում, Հայաստանի համար ՄՄ-ին միանալը կարծես լավագույն որոշումը չէ՝ ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ՄՄ երկրների հետ:
– Դա ավելի շատ Ձեր գործն է, քան մեր: Ընդհանուր սահմաններ մենք չունենք: Ցանկանում եք կախվա՞ծ լինել Թուրքիայից կամ Իրանից: Ցանկանում եք վերջնականապե՞ս կորցնել Լեռնային Ղարաբաղը: Մտածում եք, որ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը կարո՞ղ է ԱՄՆ-ի կախվածությունը Թուրքիայից թուլացնել: Մտածում եք, որ ԱՄՆ-ը Հայաստանին կպահի այնպե՞ս ինչպես Վրաստանին՝ որպես Ռուսաստանին հակակշիռ: Բայց Հայաստանը չունի ելք դեպի ծով՝ ինչպես Վրաստանը, և նավթ՝ ինչպես Ադրբեջանը: Մի խոսքով՝ ընտրեք ինքներդ:
Մանրամասները` 1in.am-ում