Կենացների ժողովածու է, ոչ մի թիվ չկա. Շարմազանովը ծիծաղելի է համարում
«Դա կառավարության ծրագիր չէ, այն ավելի հիշեցնում է ցանկությունների, մաղթանքների, բարեմաղթանքների եւ վերջապես կենացների ժողովածու»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով կառավարության ծրագրի մասին:
Նա նկատեց՝ Հայաստանի նոր կառավարիչները դեռեւս շփոթում են իրողությունները. իրենք այլեւս Հանրապետության հրապարակում հարթակից ելույթ չեն ունենում, այլ պետք է ծրագիր ներկայացնեն`հանրության բարեկեցության եւ առկա խնդիրների լուծման համար եւ կրեն դրա պատասխանատվություն: «Այս ծրագրում, ոչ մի թիվ գրված չէ: Ասում են`աղքատությունը պետք է նվազի. դա բոլորս էլ գիտենք: Բայց ինչքա՞ն պետք է նվազի այս տարվա ընթացքում, ինչպե՞ս պետք է նվազի: Կամ`աշխատատեղեր պետք է ստեղծվեն: Ինչքա՞ն, ե՞րբ, ինչպե՞ս: Թոշակները պետք է ավելանա՞ն, թե`ո՞չ: Ի՞նչ միջոցներից պետք է ավելանան, ի՞նչ միջոցներից չպետք է ավելանան: Աշխատավարձները պե՞տք է ավելանան, թե`ոչ: Ի վերջո, ՀՀԿ-ական կառավարությունը Նիկոլ Փաշինյանին տվել է 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր: Հիմա իր կառավարության ծրագրում տարեկան տնտեսական աճի նվազագույն շեմ էլ նշված չէ: Թող ասեն`մեկ տոկոս, 5, 10… Պարոն Փաշինյան, չէ՞ որ դուք էիք ասում`թռիչքային զարգացում պետք է լինի: Դա առնվազն երկնիշ տնտեսական աճն է»,- նշեց նա:
Ըստ Շարմազանովի՝ կառավարության ծրագրում չկա հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, արտահանման եւ ներմուծման հարաբերակցության մասին տվյալ:
Նա նաև ընդգծեց, որ նոր կառավարության հռչակած տնտեսական զարգացման երեք առաջնահերթությունների հետ համաձայն է, այն է բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն եւ զբոսաշրջություն, սակայն հարց ունի`հանքարդյունաբերությունը հանո՞ւմ ենք կարեւորությունից: «Եթե`այո, ապա հանքարդյունաբերական ոլորտի հարկերից են գոյանում բյուջետային աշխատողների աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները. այդ դեպքում ի՞նչ այլընտրանք է առաջարկվում: Կամ`ինչպե՞ս են «հեղափոխական տեմպերով» զարգացնելու գյուղատնտեսությունը: Ես մի փորձագետի կարծիք եմ կարդացել. «Արագածի փեշերին արածող կովերը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կրկնակի՞ կաթնատվություն են ապահովելու, հեղափոխությունից հետո: Ո՞րն է հեղափոխական ճանապարհը»:
Նույնը`անմշակ գյուղատնտեսական հողերի մշակության մասով. «Բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ միջոցներով: Եթե մշակվեցին այդ ապրանքները ինչպե՞ս են արտահանվելու, ո՞ր երկրներ: Գտել ե՞ք պատճառահետեւանքային կապը, թե ինչո՞ւ մինչեւ հիմա դա չկա»:
Էդուարդ Շարմազանովը չի հասկացել նաեւ, թե նոր իշխանությունն ինչպե՞ս է գյուղացիներին շահագրգռելու, որ վերադառնան գյուղ՝ այնտեղ ապրեն, մշակեն անմշակ հողատարածքները: Իսկ կառավարության ծրագրի զբոսաշրջության հատվածը պարզապես ծիծաղելի է համարում: «Ասում են`թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարկանիշը բարձրացել է, մարդիկ կգան Հայաստան: Բա որ չեկա՞ն: Կամ եկան ու հյուրանոցը դուրները չեկավ, կամ ենթակառուցվածքներ մեր երկրում չեղան. ինչպե՞ս է լինելու»,- շեշտեց նա, ապա հավելեց՝ որ պարոն Փաշինյանն ու իր կառավարությունը այլեւս իշխանություն են եւ պատասխանատու են ու ոչ թե պետք է ասեն`սա վատ է, նա վատ է, այլ պետք է ասեն, թե իրենք ի՞նչ են անում եւ ինչպե՞ս են անում:
Նիկոլ Փաշինյանն արդեն մե ամիս է վարչապետ է, եւ ես դեռ չեմ լսել, որ գոնե մեկը հայտարարի, որ հեղափոխության սիրով եւ հանդուրժողականությամբ լցված`պատրաստ է որեւէ ոլորտում ներդրում կատարել: Կամ`հայերը պետք է վերադառնան… մեկ ամիս անցել է, բա ինչո՞ւ չեն գալիս: Դրա համար եմ ասում`կենացների ժողովածու է, ոչ մի թիվ չկա, անթույլատրելի է որ կառավարության ծրագրում որեւէ թիվ չլինի: Սա նշանակում է պատասխանատվությունից խուսափում: Եվ բավական է`ՀՀԿ-ն վատն է, մյուսը վատն է: ՀՀԿ-ն, որ շատ լավը լիներ, այսօր մենք կլինեինք իշխանության»: