20 միլիոն եվրո կտրամադրվի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին
Եվրամիությունը 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն կապահովի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Եվրամիությունը չափազանց ակտիվ է Հայաստանում և մասնավորապես` Երևանում: Վերջին 7 տարիների ընթացքում Եվրամիությունը Երևանին հատկացրել է 25 միլիոն եվրո: Այս ամբողջն ուղղվել է Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքներին և բարեկարգմանը, Նուբարաշենի աղբավայրի վերակառուցմանը, Երևանում էներգաարդյունավետության ծրագրի իրականացմանը, ինչպես նաև փողոցային լուսավորության ապահովմանը: Մի ծրագրի շրջանակներում, որով համագործակցություն է իրականացվում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, Եվրամիությունը կապահովի 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն: Այդպիսով՝ Եվրամիության ընդհանուր աջակցությունը Երևանին կհասնի ավելի քան 40 միլիոնի»,- ասաց Սվիտալսկին:
Պյոտր Սվիտասկին շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին «Եվրոպայի օր» տոնական միջոցառումը կազմակերպելու համար:
«Եվրոպայի օրը մենք տոնում ենք հայերի հետ միասին, որովհետև հայերին համարում ենք Եվրոպայի առավել ընդարձակ ընտանիքի անդամ: Եվրոպայի օրը համերաշխության, միասնության և ազատության օր է: Եվրոպայի օրվա կապակցությամբ մենք տոնում ենք այն արժեքները, որոնք միավորում են Հայաստանը և Եվրամիությունը»,- ասաց Սվիտալկսին:
Երևանի Հյուսիսային պողոտայում հունիսի 2-ին անցկացվեց Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառում: Եվրոպայի օրը նշվել է Իջևանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Եղեգնաձորում: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտասկին նշեց, որ Երևանում արձանագրվելու է Եվրոպայի օրվա տոնակատարությունների վերջին կանգառը: