«Փողեր է լվացել». ՇՊՀ նախկին դասախոսները բաց նամակով դիմել են Պետական վերահսկողական ծառայության պետին

Շիրակի պետական համալսարանից ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
««Հարգելի´ պարոն Սանասարյան
Ձեզ են դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու նախկին աշխատակիցները, որոնք 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում էին համալսարանի նախկին ռեկտորի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ապօրինությունների, չարաշահումների եւ կամայականությունների դեմ:
Մեր պայքարի հետեւանքը եղավ այն, որ սույն թվի մարտի 15-ին ռեկտորի եւ իր թիմի անօրինական որոշումներով մեզ ապօրինաբար ազատեցին աշխատանքից: Ճիշտ է, նոր Հայաստանում ռեկտորը մայիսի 18-ին նույնպես հեռացավ իր պաշտոնից, սակայն նրա գործած ապօրինությունները պետք է իրավական գնահատական ստանան, եւ նախկին ռեկտորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ֆինանսական չարաշահումների համար (ստուգումները թող պարզեն, թե դրանք պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով վատնումներ, յուրացումներ, փողերի լվացումներ են եղել եւ այլն):
2016 թվականի հուլիսին քաղաքական որոշման հետեւանքով ռեկտորի պաշտոնակատար նշանակված Սահակ Մինասյանը ժառանգեց 500 միլիոն դրամ ունեցող բյուջե, սակայն 2016-2017 ուսումնական տարվա ռեկտորի ֆինանսական հաշվետվությունից պարզ դարձավ, որ Սահակ Մինասյանը ոչ միայն մսխել է ժառանգած 500 միլիոն դրամը, այլեւ իր` 2017 թվականի բյուջեի նախահաշվում նախատեսված ծախսերի եւ փաստացի իրականացված ծախսերի միջեւ տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում, այսինքն` թույլատրելի 10 տոկոսի փոխարեն ունենք ավելի քան 20 տոկոս շեղում:
Փաստորեն 2016 թվականի երկրորդ կեսի եւ 2017 թվականի բյուջեի նախահաշիվներով չնախատեսված ծախսեր եւ գնումներ են կատարվել, ինչը բուհը հասցրել է ֆինանսական աղետի:
Օրինակ, չնախատեսված ծախսեր (մլն. դրամով). բուֆետների աշխատողների աշխատավարձ (-2 699), քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումներ (-14 079), դիզայներական ծառայություններ (-1 300), հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման ծախսեր (-36 198), ապրանքանյութական պաշարներ (-3 670), Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (-4 500) եւ այլն: Էլ չենք ասում 14 մլն դրամանոց դիզելային գեներատորի (գեներատորը էլեկտրաէներգիա է տալիս միայն վարչական մասին, այն էլ` շատ փոքր ծավալով), ինքնածախսածածկմամբ աշխատող բուֆետի, ֆուտզալի թիմ պահելու, ուռճացված վարչական հաստիքակազմի, ոչ անկախ ֆինանսական աուդիտների, Համաշխարհային բանկից ստացված գումարների մասին:
Իհարկե, 15 տոննա ոչնչացված գրքերի մասին ամբողջ հանրապետությունը գիտի: Այդ ծախսերը պայմանավորված չեն եղել ՇՊՀ կանոնադրությամբ, բուհի ռազմավարական զարգացման ծրագրով: Մեզ հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ այլ մանրամասներ կներկայացնենք:
Հարգելի´ պարոն Սանասարյան, խնդիրները շատ են: Հուսով ենք, որ հեղափոխության բովով անցած երկրում հնարավոր է անաչառ ամբողջական ստուգումներ իրականացնել»: