Խնջույքի մասնակիցները սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են
Սեպտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 6-ին Կոտայքի մարզի “Նաիրի ԲԿ” ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 5 հիվանդ՝ սննդային տոքսիկաինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Ներկայումս բաժանմունքում բուժվում է 11 հիվանդ: Համապատասխան բուժման արդյունքում հիվանդների վիճակը բավարար է, բուժումը շարունակվում է:
Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները հիմնականում Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչներն են, ովքեր մասնակցել են նույն խնջույքին և օգտագործել են մի շարք կերակրատեսակներ։ Սննդի մի մասն օգտագործել են նաև հաջորդ օրը` տանը:
Դրանից 16-24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման երևույթներ` սրտխառնոց, փսխում, լուծ, բարձր ջերմություն: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միամոմենտ, վարակի գաղտնի շրջանի տևողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննադին տոքսիկաինֆեկցիային:
Հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու և հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել են համալիր միջոցառումներ: Իրականացվել են նաև համապատասխան լաբորատոր հետազոտություններ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են, նոր դեպքեր չեն արձանագրվել, իրավիճակը վերահսկվում է: