Մարուքյանը դատախազին մեղադրեց քաղաքական որոշումներ կայացնելու մեջ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմելով՝ ասաց, որ քաղբանտարկյալներ լինելու-չլինելու վերաբերյալ տարակարծություններ կան. վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ կան քաղբանտարկյալներ Հայաստանում, ինքը դատախազը համաձայն չէ դրա հետ: Ըստ Սիմոնյանի՝ սա հրաժարականի տեղիք տալիս է դատախազի համար:
Արթուր Դավթյանն արձագանքեց, որ քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ տեսնում ենք, որ այս տերմինն օգտագործում եմ մարդիկ, ովքեր չեն էլ հասկանում, թե դա ինչ է նշանակում, և սա հատկապես վերջին օրերին: Նա նշեց, որ երբ անձին մեղադրանք է ներկայացվում, ներկայացվում է փաստական կողմը, ապա և իրավական եզրակացությունը: «Այն անձինք, ովքեր ներկայացվում են, կա կարծիք, որ այդ անձանց վերաբերյալ մեղադրանքները հիմնավոր չեն, դրանք բոլորը գտնվում են դատարանի վարույթում, իրականացվում է արդարադատություն, որը հենց դրա համար է»: Նա նշեց, որ իրենք պաշտպանում են իրենց մեղադրանքը, իսկ պաշտնապանական կողմը հակափաստարկներն է ներկայացնում, իսկ արդարադատությունն էլ՝ այսինքն` դատարանը, որոշում է կայացնում:
Արթուր Դավթյանն ասաց, որ իրավիճակի փոփոխման ժամանակ լինում են դեպքեր, երբ անձի կատարած քայլը այլևս վտանգավոր չի համարվում հասարակության համար, հանգամանքները մեղմացվում են, խափանման միջոցը փոխելու հավանականությունն էլ մեծանում է, սակայն բոլոր դեպքերն էլ ուսումնասիրվում են:
Նա հավելեց, որ օրինակ՝ նախկինում հայտարարություններ էին հնչում շարունակելու զենքով զինված գործողությունները, սակայն այսօր քանի որ այդ պաշտոնյաները չկան, այդ հայտարարություններն էլ չկան, այսինքն՝ անձի վտանգավորությունը հանրության համար նվազել է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շարունակելով գործընկերոջ՝ Սիմոնյանի հարցը՝ նկատեց, որ սա նշանակում է, որ դատախազն ասում է, թե մի քանի պաշտոնյաների պատճառով է, որ որոշ անձինք հիմա բանտարկյալներ են: Դատախազն արձագանքեց՝ պետք չէ դա քաղաքականության հետ կապել, այո, ստեղծվել է մի իրավիճակ, երբ խափանման միջոցի փոխելու ռիսկերի հետ կապված լարվածությունը նվազել է:
Իսկ նույն խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ հորդորեց դատախազին տալ քաղաքական բանտարկյալի սահմանում: «Քաղաքական բանտարկյալի իմ սահմանումը ես չեմ սահմանել»,-ասաց դատախազը: