Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը` բողոքելով հանքի շահագործման դեմ/տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 19-ին գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործումից իրենց գյուղին հասցված վնասներից։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:
«Լիդիան կոչեցյալ հանքահենը վերջին մի քանի ամսվա ըթացքում Ամուլսարում արդեն 2 անգամ վնասել է Գնդեվազի խմելու ջրատար խողովակները։ Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Գյուղացիները բողոքում են նաև փոշուց և պայթեցումների ցնցումներից։
Իսկ մայիսի 15-ին էլ Գնդեվազի խաչմերուկի հատվածում բախվել են Ամուլսարի ծրագրին վառելիք մատակարարող բեռնատարի և մայրուղով երթևեկող «Օպել» մակնիշի մեքենաները: «Օպել» մեքենայի ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ ոտքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մայրուղու վրա տեղի է ունեցել վառելիքի արտահոսք»,-ասվում է հաղորդագրությունում։