Երիտասարդներից Հովիկ Աբրահամյանը գոհ է
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից կրկին ստեղծվելու է Երիտասարդական խորհրդարան եւ հավաքի նպատակը ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի քննարկումն է: Դրական եւ արդյունավետ գնահատելով նախորդ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքը` Ազգային ժողովի նախագահը նկատեց, որ այն գործել է ակտիվ եւ արդարացրել սպասումները:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ խորհրդարանն այսուհետ եւս կաջակցի ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների իրականացմանը, որը, ըստ նրա, լավ դպրոց է ապագա քաղաքական եւ պետական գործիչների համար:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի նախագիծը: Նա նույնպես կարեւորեց Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը եւ նշեց, որ ԱՊՀ շրջանակում առաջիկայում կստեղծվի Երիտասարդական խորհրդարան, որի հիմքում կլինի Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի մոդելը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները բարձր գնահատելով Երիտասարդական խորհրդարանի գործունեությունն ու նրա նշանակությունը երիտասարդների կրթության, հասարակական ակտիվության խրախուսման գործում` անհրաժեշտ համարեցին կառույցի աշխատանքների շարունակականության ապահովումը: Ողջունելով ԱԺ նախագահի նախաձեռնությունը` ԲՈՒՀ-երի ռեկտորները հանդես եկան մի շարք առաջարկներով, որոնք, ինչպես հավաստիացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մանրամասն կքննարկվեն: