Ինձ զանգահարեցին եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջեցին դիմում գրել
Աշխատանքից ազատվել է Գնահատման և թեստավորման կենտրենի տնօրեն Արայիկ Իսպիրյանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Ներկայացնում ենք Արայիկ Իսպիրյանի գրառումը.
«Հարգելի ընկերներ
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մայիսի 16-ին ինձ զանգահարեցին ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջեցին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը այդ պաշտոնում աշխատելու համար պետք է ունենա կառավարության անվերապահ հավանությունն ու աջակցությունը` նպատակահարմար չգտա քննարկել, առավել ևս վիճարկել ինձ ներկայացված պահանջը:
Տասը տարի աշխատել եմ Գնահատման և թեստավորման կենտրոնում, վերջին մեկ տարում` որպես տնօրեն: ԳԹԿ-ի արհեստավարժ աշխատակազմի հետ պատվով և մեծ հաջողությամբ կատարել ենք մեր աշխատանքը, որդեգրել թիմային և թափանցիկ աշխատաձևը, որի շնորհիվ կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները:
Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԳԹԿ-ի իմ գործընկերներին և բոլոր նրանց, ում հետ այս տարիներին աշխատանքի բերումով անձնապես շփվել ու աշխատել եմ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններով աջակցելու ԳԹԿ-ի նոր ղեկավարությանը:
Հ.Գ. Ցանկալի կլիներ, որ ՀՀ –ում որևէ մեկին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացնելուց առաջ նախ ծանոթանային նրա հետ (եթե ծանոթ չեն), զրուցեին, օբյեկտիվորեն գնահատեին նրա կատարած աշխատանքը, և եթե այն լավ է կատարվել, շնորհակալություն հայտնեին նրան»: