ԲՀԿ-ի փոխվարչապետը վարչապետին դիտողություն արեց. Հրապարակ
Եթե Կարեն Կարապետյանի կառավարությունում դիտողություններ անում էր ինքը՝ վարչապետը, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում դեմոկրատիան ու լիբերալիզմը նոր նվաճումներ են գրանցում: Այն աստիճանի, որ արդեն կառավարության անդամներն են վարչապետին դիտողություն անում նիստը սխալ վարելու եւ ոչ էական հարցեր քննարկելու համար:
Երեկ առողջապահության նախարարի՝ ավտոմեքենաների վերաբերյալ մի նախագծի քննարկումը վերածվեց ծառայողական ավտոմեքենաների չարչրկված թեմայի վերաբերյալ դիսկուրսի: Վարչապետը հայտարարեց, որ այս հարցին պետք է հետագայում մանրամասն անդրադառնալ, քանի որ պետական ավտոպարկն ուռճացված է: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ շտապեց տեղեկացնել, որ իր գրասենյակի 5 մեքենաներից 3-ից ինքը հրաժարվել է, իսկ մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իրենց հատկացված 4 մեքենաներից 2-ից:
Ապա առաջարկեց բոլոր նախարարներին այս հարցում պդաջնորդվել հենց այս մոտեցմամբ: Ավտոմեքենաների թեման գուցե երկար շարունակվեր ու ծավալվեր, եթե դա չկանխեր ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Նա քաղաքավարի, բառի բուն իմաստով՝ դիտողություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարեւոր հարցերը թողած’ տեխնիկական հարցերի հետեւից ընկնելու համար:
«Պարոն վարչապետ, ես կառաջարկեի, որ հանձարարական տրվեր պետգույքի ստորաբաժանմանը, որպեսզի էս հարցը միասնական կանոնակարգում ստանա, որովհետեւ չեմ կարծում, որ մենք կառավարության նիստերում պետք ա սենց հարցեր քննարկենք զուտ էն իմաստով, որ ինքը գրեթե տեխնիկական ա, օտարում էլ չկա: Իսկ օրակարգը հրապարակային ա, կարծում եմ՝ էս պրոբլեմների բազմության մեջ օրակարգում նույնիսկ պիտի չլինի էլ այսպիսի հարց»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ինքը հարցին կողմ է, դեմ չէ, բայց ապագայի համար է սա ասում: Վարչապետը, փաստացի ընդունելով իր ենթակայի դիտողությունը, փորձեց արդարանալ.
«Դե, ընթացակարգային խնդիր ա էստեղ: Իրավաբանական ստորաբաժանումները քննարկում են, եթե հարցը պիտի անցնի կառավարության նիստով, կարծում եմ… հետագայի համար քննարկենք, բայց նաեւ կարծում եմ, որ էս հարցերը, որ հրապարակային քննարկվում են… ի դեպ, նաեւ էդ օրենսդրական փոփոխությունն էլ պետք է իրականացնենք կառավարության նիստերի դռնբաց լինելու մասին, որովհետեւ մենք հիմա մի քիչ դժվարությամբ ենք դռնբաց նիստ անում: Կարծում եմ՝ էս քննարկումները, համենայնդեպս, վնաս չեն բերում մեզ: Բայց Ձեր առաջարկը, նաեւ կարծում եմ՝ արժի քննարկել, որ եթե կան ընթացակարգեր եւ ակնհայտ լուծումներ, որոնք կարելի ա տալ առանց կառավարության նիստում քննարկելու, կարող ենք անել էդպես»:
Ահա այսպիսի խոսքի ազատություն է տիրում նոր կառավարությունում, որը երբեմն գուցե պոպուլիստական երանգներ է ստանում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: