25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը պետք է արագացնի. Ժամանակ

Հրահրվո՞ւմ են արդյոք հանրային բողոքի տարբեր դրսևորումները որևէ կենտրոնից՝ ընդդեմ նոր կառավարության, ընդդեմ թավշյա հեղափոխության և նրա վարչապետ դարձած առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, թե՞ ոչ: Այս օրերին այդ հարցը հնչում է ավելի ու ավելի հաճախ՝ հաշվի առնելով բողոքի այն դրսևորումները, որ տարբեր սոցիալական խմբեր արտահայտում են տարբեր պատճառներով կամ առիթներով՝ փակելով փողոցներ և փաստացի խնդիրներ ստեղծելով նոր կառավարության բնականոն աշխատանքի համար:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ չի տեսնում որևէ սաբոտաժ: Միևնույն ժամանակ նա կոչ է արել, որ անհրաժեշտ է դադար առնել ակցիաներից: Իրավիճակը դարձել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքի առիթ, որը կոչ է արել փողոցներ չփակել և չխանգարել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ ասելով, թե դա կարող է լինել նաև նախորդ իշխանության սադրանքը՝ անկառավարելի վիճակ ստեղծելու և նոր կառավարությանը տապալելու համար: Տեր-Պետրոսյանը, որ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով, ներկայումս քաղաքացիներին կոչ է անում չխանգարել նրա աշխատանքին:

Կոչը անկասկած համարժեք է իրավիճակին և անհրաժեշտ, սակայն հետաքրքիր է, թե պետական կայունության անկեղծ մտահոգությունից բացի՝ առաջին նախագահը արդյո՞ք ունի իր ուրույն հաշվարկները կամ չհրապարակված քաղաքագիտական վերլուծությունը այդ մասով: Թեև հաշվարկ ունեն իհարկե բոլորը՝ դա կասկածից վեր է, որովհետև անկախ ամեն ինչից՝ պարզ է, որ արտահերթ ընտրությունը անխուսափելի է, և ներկայումս Հայաստանը դե ֆակտո նախընտրական վիճակում է, թեև դե յուրե դեռևս չկա որևէ մեկնարկ:

Այդ իրավիճակում սոցիալական և տարաբնույթ բողոքների տարբեր դրսևորումները կարող են ունենալ տարբեր աղբյուրներ՝ ինքնաբուխից մինչև, իհարկե, քաղաքական դրդապատճառներ և քաղաքական «ականջներ»: Ընդ որում, այստեղ, իհարկե, այդ ականջների տերերը ամենևին էլ միարժեքորեն նախորդ իշխանոթյունից կամ կիսով չափ հեռացած իշխանությունից լինել չեն կարող: Վերջին հաշվով՝ Նիկոլ Փաշինյանի ձախողումը ներկայումս ձեռնտու է գրեթե բոլորին, կամ ավելի շուտ՝ դժվար է գտնել քաղաքական ուժ, որին ձեռնտու չէ նոր կառավարության և մասնավորապես Փաշինյանի ձախողումը, անարդյունավետությունը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանի թիմի համար այդ իրավիճակը չպետք է լիներ անսպասելի, և այդ մասին առիթ ունեցել ենք նշելու, ըստ այդմ՝ հարցն այն է, թե ինչ քայլեր են նախապատրաստված դրա համար: Կառավարության մայիսի 17-ի նիստում Նիկոլ Փաշինյանը խոսել է արագաչափերի և տեսախցիկների աշխատանքը կասեցնելու, տույժ-տուգանքների համաներման հնարավորության մասին: Հասկանալի է, որ վարչապետին անհրաժեշտ է պահել հանրային վստահության տոնուսը, էներգիան, սակայն ակնհայտ է, որ այդ բնույթի քայլերը չեն պարունակում երկարաժամկետ ամրության պաշար, և ավելին՝ ի վերջո դրանք առաջացնելու են ֆինանսական մեծ բեռ ապագայի համար: Մինչդեռ Հայաստանը ոչ միայն այսօր, այլև դեռ երեկ ուներ ֆինանսական մեծ հոսքերի, ներդրումների մեծ անհրաժեշտություն՝ անկախ կառավարությունից հանրության ներկայիս սոցիալական մեծ սպասումների: Այդ սպասումները այսօր էլ ավելի են բազմապատկում ֆինանսական հոսքերի կարիքը, որովհետև առանց դրա հնարավոր չի լինի արդարացնել սոցիալական սպասումները:

Դա նշանակում է, որ նոր վարչապետի համար անհրաժեշտ է թերևս հնարավորինս արագ ձեռնամուխ լինել կոռուպցիայի դեմ խորքային և առարկայական պայքարի, միևնույն ժամանակ զուգահեռ սկսել քննարկումները խոշոր կապիտալի կրողների հետ՝ հասարակական համաձայնության կամ համերաշխության պայմանների շուրջ, որը թույլ կտա վերամոտիվացնել մթնոլորտը և, Փաշինյանի ձախողման համընդհանուր սպասման փոխարեն, ներքաղաքական և տնտեսական սուբյեկտների մոտ ձևավորել կա՛մ անխուսափելի պատասխանատվության, կա՛մ համաձայնության և համերաշխության սպասումը, երբ պարզ կլինի, որ այդ համերաշխությունն իրենց վրա ավելի թանկ չի նստի, քան դրանից խուսափելն ու կառավարության անհաջողության վրա խաղալը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ