«Սասնա ծռեր»-ին ուղեկցողները գրի՞պ են. փաստաբանները դիտավորություն են տեսնում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:
Նշենք, որ դատարան չեն բերվել ՝գործով ամբաստանյալները: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ուղեկցող գումարտակ չլինելու պատճառով ամբաստանյալները չեն բերվել դատարան:
Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ առանց իր պաշտպանյալի ներկայության էլ հնարավոր է քննարկել նրա խափանման միջոցը փոխելու հարցը:
«Եթե խնդիր կա, որոշ ժամանակով ընդմիջենք նիստը և գուցե ընթացքում ուղեկցող գումարտակ գտնվի և տղանրը ներկայացվեն դատարան»,-նշեց փաստաբանը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հավելեց. «Դուք միշտ խոսել եք դատավարության ողջամիտ ժամկետի մասին, սակայն հիմա ինչ-որ ուղեկցողներ գրիպ են կպել, կամ տրամադրության անկում ունեն դուք ողջամիտ եք համարում դատը հետաձգելը»:
Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը ևս միջնորդեց չհետաձգել դատավարությունը և քննել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Փաստաբան Նինա Կարապետյանցը պահանջեց իրենց պաշտպաններին անհապաղ բերել դատարան և կատարվածը՝ սաբոտաժ որակեց:
«Սասնա ծռերի» հարազատները ևս զայրացած են: Նրանք կատարվածի մեջ դիտավորություն են տեսնում:
Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը: