ՀՀԿ-ն շարունակում է սատարել վարչապետ Տիգրան Սարգսյանին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին, նշելով, որ Հանրապետականի համար այդ ընտրությունները կարեւոր էին երկու տեսանկյունից:
“Առաջին` մեզ համար շատ կարեւոր էր ընտրությունների ժողովրդավարական բնույթը, եւ այս առումով պետք է նշեմ, որ այս ընտրությունները չնայած որոշ տեխնիկական թերությունների, այնուամենայնիվ, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի իշխանությունները՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, անվերապահորեն գնում են երկրում ժողովրդավարության խորացման ճանապարհով:
Երկրորդ` այս ընտրություններում հասարակության մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց ՀՀԿ-ին, քանի որ չնայած առկա խնդիրներին՝ Հանրապետականը բազմաթիվ դրական քայլեր է իրականացրել տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ”,-հայտարարեց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը շարունակում է սատարել երկրի վարչապետի քաղաքական կուրսը, հավելելով, որ ՀՀԿ-ն ինչպես եւ ամիսներ առաջ այս դահլիճում նշեցին մեծամասնության ներկայացուցիչներն ու ԱԺ նախագահը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, սատարում է վարչապետ Տիգրան Սարգսյանին: